Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/238

Այս էջը հաստատված է

ես շոշափում, մի պակասություն ունի և մեծ պակասություն, այդ մակերևութական առարկություններն են, ո՛չ խոր և հոգեկան։

Քո այս նյութերը ինձ հարկադրում են ոտանավորներ թխելու և ես որը նյութ կառնեմ ուղղակի, որը միտս մի ուրիշ բան է գցում, որին էլ կպատասխանեմ։ Ահա, այսօր գտա առաջին գրածիդ պատասխանը, որով քո սիրելիին առաջնորդում էիր քո հոգուդ գաղտնարանը՝ խորքը։

Սիրելի

Խորն է քո հոգին երկընքի նման,
Գաղտնիքներ ունի իր խորքում ահեղ…
Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ…


Ով դու անզգույշ, ստեղծման օրից
Հայտնի [<3 կամ 4 անընթ.> ]
Տեր<ն> ինքը լավին ողջ էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.


Այնտեղ անպատում լիության միջին,
Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում…
Եվ, սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում։


Մնացած<ն> արդեն դու գիտես, անշուշտ
Երկուսն էլ հիմա տանջվում են տրտում,
Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,
Իսկ մյուսը մերժված՝ խավար անդընդում։


Զգո՛ւյշ կաց, ընկեր, թեկուզ «սիրելի»–
Մի՛ բանար հոգիդ նորա առաջին.
Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,
Նա՜․․․ որ դավ նյութեց [կողոպտեց] նույնիսկ Արարչին։