Երևի գլխի ընկար, որ նախկին հրեշտակ, աստծու սիրելի, սատանայի և աստծու նաղլն եմ անում։ Իհարկե, այս ոտանավորները մեր մեջ, այսպես ասենք, խաղալու համար են գրվում։
Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի Кольцов-ի մի ոտանավորը — «Сяду я за стол» — ուղարկեցի «Տարազին»2։ Стол-ը շինել եմ գիտես ինչ—պատի տակ, և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով։ Եթե սեղան թարգմանեի-նստել եմ սեղան-այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա։ Եթե գրեի սեղանի մոտ-տգեղ էր։ Վերջապես, բանաստեղծությունը հայերեն չէր լինի։ Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը-պատի տակն է։
Գրում ես, թե արի, գոնե ուրիշների վրա կծիծաղենք։ Ուրիշների վրա ծիծաղելու մեծ ախորժակ ունեմ, բայց այնպիսի դրության մեջ եմ, որ ծիծաղս իսկի չի գալիս։ Քանի մտածում եմ Թիֆլիս գալու մասին, վախի նման մի զգացմունք է ինձ պատում։ Այն բոլոր հոգսերը, որ առաջուց հայտնի <են> ինձ, սպասում են այդտեղ, վերջապես, տանս տերը, որ շատ լավ տան տեր է եղել և արդեն դժգոհությունը հասել է ինձ… Մի խոսքով, եթե հնար ունենայի, Թիֆլիս չէի վերադառնալ, թեև այստեղ էլ չեմ կարողանում ապրել։ Ես միանգամայն չէի ցանկանալ, որ դու դարձյալ միջամտեիր, ուրիշներն էլ, լավ գիտեմ, չեն միջամտիլ…
Բաքվից խոստացել էին սեպտեմբերին 80 ռ. ղրկել։ 4 նամակ եմ գրել, պատասխան էլ չեմ ստացել3։ Դե արի ծիծաղենք։
Անցյալ օրը գիտես ի՞նչ պատահեց. թիֆլիսեցի մինը եկել էր այստեղ։ Դրան բան եմ պարտ։ Ինձ հարցնում է, թե երբ ես գալու, իհարկե, ակնարկելով այն հաշիվը։ Ասում եմ «շուտուվ» կգամ։ Այստեղ էլ մի խանութպան, մի քանի օր առաջ ինձ հարցրել է, թե երբ եմ գնալու Թիֆլիս. հաշիվը մաքրենք։ Ասել եմ դեռ «շուտ չեմ» գնալ։ Այդ երկուսը միասին ինձ հանդիպեցին ու զրույց ենք անում։ Այդտեղ դուրս