Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/240

Այս էջը հաստատված է

եկավ, որ մեկին այսպես եմ ասել, մյուսին այնպես։ Գուցե կարելի է այստեղ ծիծաղել, բայց սաստիկ ծանր է լինել ոչինչ մարդկանց կոնտրոլի տակ, տանել նրանց մուննաթներն ու ակնարկները, միշտ անհանգիստ լինել նրանցից ու համբերել առանց հույս ունենալու, թե կազատվես դրանցից, ապա հաշտվել այդ վիճակի հետ ու… ծիծաղել։

Գիտես, թեև ինձ շատ են նախատում իմ պահանջներիս համար ու, իբրև թե, շռայլություններիս համար, բայց ես պինդ այն կարծիքին եմ, որ պահանջները, հարկավ, լավ տեսակի պահանջները, ազնիվ ձգտումներ են։ Հիմա ինչ անենք, որ պակասում են միջոցները. մի՞թե մարդ մեղավոր է դրա համար։ Վերջապես, միթե ես հանդիմանելու չափ մեղանչել եմ համեստ ապրուստի դեմ։ Թող չլիներ իմ այս ահագին բեռը՝ ընտանիքը, և ես, Համլետի ասած, կարող կլինեի պարտակվել ընկույզի կճեպի մեջ4, թեև միաժամանակ ընդածին ախորժակ ու հակումն ունեմ շքեղ ապրուստի և ոտներս երկար մեկնելու։ Ես շատ առաձգական բնավորություն ունեմ։ Կտանեմ ամենադաժան զրկանք զվարթ ու անսասան, որպես թե այն սարի գլխից մի սև ամպ է անց կացել, բայց չեմ կարող ապրել զրկանքների մեջ: Ես չեմ սիրում չքավորությունը, եթե մի օր ինձ զգամ չքավոր, սիրտս կպատռի։ Ես միշտ համոզված եմ, որ շատ հարուստ մարդ եմ, միայն հարստությունս այս րոպեիս մոտս չի, և ամենաշատը միայն ափսոսում եմ, որ այս րոպեիս չկարողացա այս անել կամ այն, կամ զայրանում ու վշտանում եմ, որ այս րոպեն երբ երկար են տևում։

Մեզնից բարև բոլորիդ։ նամակ գրիր ես գիտեմ նյութեր էլ շատ կունենաս։ Մի առակ պետք է գրեի իմ մասին, բայց տեղ չկա, ժամանակ էլ չկա, շտապում եմ, որ նամակս ղրկեմ։

Քո Հովհաննես