Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/243

Այս էջը հաստատված է

այնպիսի միտք հայտնեն, որ հայտնած չլինի ոչ մի բանաստեղծ ամբողջ աշխարհքում։

Մոսկվայի ուսանողները մի նամակ են գրել ինձ (Գ. Խատիսյան և Լ. Նազարյան)4, թե ուսանողները մի գրական ժողովածու են ուզում հրատարակել, խնդրում են իմ աջակցությունը։ Փափազյանը, որ այնտեղ է այժմ և պաշտոն ունի, ինչպես գրում է, ֆրանսիական Credit Lyonnais բանկում, մասնակցում է ժողովածվին, հանձն է առել խմբագրել և այլն5, գրում է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը»-այսինքն Մուսան։ Արդ, ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա։ Կարծեմ մեկը դու ունես։ Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին։ Քեզ գրել էի, թե Կոլցովի «Сяду я за стол да подумаю»-ոտանավորը թարգմանեցի, ղրկեցի «Տարազին»։ Այժմ խմբագրությունից գրում են, թե ցենզորը բռնել է6։ Եկ ու բան հասկացիր։ Ախար ինչ ցենզորի բռնելու բան է դա։ Ուրեմն էլ ինչ անենք, ի՞նչ մտածենք։ Ահա թարգմանությունը։ Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ, պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը՝ փոխադրել եմ։

Գեղջուկի մտորմունքը

Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում։
Ոչ ջահել կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք,
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք անկյուն,
Ոչ արծաթ-ոսկի,
Ոչ տափան ու չութ,