Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/249

Այս էջը հաստատված է

1 9 0 1

141. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

<1901, հունվար-մարտ, Թիֆլիս>

Սիրելի Արսեն,

Ստացա քո ուղարկած հարյուր ռուբլին։ Շատ շնորհակալ եմ, սիրելիս, որ այդպես հոգ ես տանում ընկերոջդ համար, որ ոչ վանքից բաժին ունի, ոչ կյանքից։

Ես այժմ շտապ մեր գյուղն եմ գնում, երեք օրեն վրա դարձյալ Թիֆլիս կլինեմ, նրա համար նամակս կարճ եմ անում։ Քեզ պետք է տեղեկացնեմ, որ իմ հարցն այստեղ գրեթե լուծվելու վրա է։

Վերջերս այնպիսի տագնապների մեջ ընկա, որ, վերջապես, որոշեցի(նք), չգիտեմ այս բառն ինչպես գրեմ, քահանա դառնալ։ Քահանայության կողմնակիցներ Աղայանցն ու տեր Հովհաննեսն էին. այդ տեր Հովհաննեսի մուրազն է մի տեսակ։ Բայց երբ հայտնեցինք մեր մոտիկ բարեկամներին, սաստիկ բողոքեցին, մանավանդ իշխանուհի Թումանյանը և Վարդազարյանը, որոնց վերաբերմունքը դեպի ինձ քեզ հայտնի է, և բժ. Զարգարյանը։ Իշխանուհին ու Վարդազարյանը այժմ ճգնում են գործը վերջնականապես կարգի դնել, էլ կաթողիկոս, էլ Մանթաշով, ամենքին էլ, ում հարմար են դատում և կարևոր։ Նամակդ ստանալուց հետո դեռ նրանց չեմ տեսել, գնալու եմ նրանց մոտ, կհայտնեմ, անշուշտ շատ կուրախանան, որ դու էլ իրանց նման ես մտածում և հոգում։ Մտածում են մինչև անգամ միանգամից պարտքերիցս էլ ազատեն, այս արդեն շատ էլ հեշտ չի, ես կարծում եմ։