Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/263

Այս էջը հաստատված է

կգոհացնենք, արի, իհարկե, այսպես չեմ գնալ, գուցե Վարդազարյանների տեղն էլ նեղ եղավ, մանավանդ, Մարուսյան ու Յուլյան էլ գնացել են։ Գրել էիր, թե տերտերը կգա, եթե գար գուցե չփոշմաներ, այս սառը ջուրը նրան շատ կօգներ, ես կարծում եմ Աղայանցին նույնպես, թեև նրան տաք ջուր են խորհուրդ տվել։

Ինչևիցե, արդեն ուշ է, քունս տանում է, բարի գիշեր. ով գիտի, դու էլ արդեն քնած ես և երազում ինձ հետ կռվում ես. քանի որ հեռու ենք, ինչքան կուզես կռվիր, երբ միասին լինենք, լավը եղիր, թե չէ, երեկ Ախալցխա մեկին թաղեցին. ամուսինը նոր էր լաց լինում, թե ինչով է հետը կռվել, նոր է համբուրում, գրկում…

Է՜հ, ես քանի կենդանի եմ՝ այժմ կգրկեմ ու կհամբուրեմ։

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Լրագիրներ բերել տվի. ստանում եմ «Новое обозрение», «Մշակ», «Տարազ», ուրիշներն էլ ինձանից են վերցնում, գրադարանը իմ տունն է։

149. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Վիձիսի

<1093>, 19 հուլիսի, Ուրավել

Թանկագին Մարիա Մարկովնա,

Իմ կողմից միանգամայն ապահով եղեք1, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում, ընդհակառակը շատ չէ օգնում։ Ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և գազն այնքան է պակասել, որ, գրեթե, չի նկատվում, միայն երկաթի համն է մնում։ Խորհուրդ եք տալիս ձու, կաթն ու մածուն ուտելու։ Ես էլ հենց այդ եմ ուտում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում։ Մի խոսքով, շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց, մանավանդ, ազատ լինելը։