Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/264

Այս էջը հաստատված է

Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինելու հաճույքը դեռ չեմ զգացած։ Այժմ էլ թեև ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ։ Իսկ կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է։ Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ՝ հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև։ Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան։ Իդեալներն ինչ են որ,-հոգու կարոտներ։ Եվ հենց սրա համար է լավ մենակությունը, մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՜յն, խաղա՜ղ, անվրդով ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով։ Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, ևս առավել՝ բանաստեղծ մարդիկ։ Նիցշեն ասում է. «Բոլոր բանաստեղծները հավատում են, թե ով որ կանաչի մեջ լեռան մենավոր լանջում պառկած հսկի, երկնքի ու երկրի մեջ գոյություն ունեցող շատ բաներ կիմանա։ Եվ երբ բանաստեղծներին տիրում է քնքուշ տրամադրությունը, նրանք միշտ հավատում են, թե բնությունն ինքը սիրահարված է իրանց վրա ու իրանց ականջին շշնջում է խորհրդավոր, սիրային, շողոմարար ճառեր, և դրանով թռչում են նրանք մահկանացուների առաջ»2։

Բայց պետք է ասեմ, որ ես չկարողացա մենակ լինել։ Շատ մարդիկ ծանոթացան և այժմ արդեն ծանոթների մի մեծ շրջան ունեմ այս փոքրիկ ամառանոցում, որ չեն թողնում… տխրեմ։

Լավ է, որ Դուք խաղաղություն եք վայելում, բայց ափսոս, որ մոծակները նեղացնում են կամ, ինչպես Դուք գրում եք, «այդքան փոքրիկ արարածները թունավորում են մարդու կյանքը»։ Այդպես է. փոքրիկ արարածներն են կյանք թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ։ Բայց շատ միք հուսահատվիլ. տեսնո՞ւմ եք, մի թեթև քամի է հարկավոր, որ ցրվի այդ կյանք