Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/269

Այս էջը հաստատված է

պատրաստվում են, իսկ ես գրում եմ։ Աքելն ասում է, որ դու սպասում ես նամակ գրեմ, երբ որ փողս հատնի. իսկ ես կարծում էի առանց նամակ գրելու կստանայի, նրա համար անցած նամակիս մեջ բան չգրեցի, դու էլ կկարծես, թե հարուստ եմ դեռ։ Աքելից ստացա 25 ռուբլի, բայց այդ հերիք չի անելու։ Ուզում եմ օգոստոսի սկզբից դուրս գամ Ուրավելից, մի քանի օր մնամ Աբասթուման ու գնամ անցնելու Ախալքալաքի և Շիրակի գավառներով դեպի Թիֆլիս։ Ուզում եմ Անի էլ գնամ։ Ախալքալաքից հրավիրել են, սպասում են։ Որքան շուտ ղրկես, այնքան շուտ կսկսեմ իմ ճանապարհորդությունը։ Ախալքալաքի գավառը շատ առողջարար տեղ է. լեռնային չոր օդ ունի, ջերմիս էլ կօգնի։ Այստեղ բանից երևաց, որ ջերմոտ է. ճահճային տեղ է և շատ խոնավ։ Ուղարկիր բոլորը՝ ինչ որ ղրկելու ես։ Մինչև գնալս, իհարկե, կգրեմ Մարիա Մարկովնային1։ Զարմանալի է, իսկի նամակ չես գրում։ Խմբով շատ ու շատ բարև ենք անում պ. Հակոբին, տիկ. Մարգարիտին, տիկ. Յուզյային, Ռուստեմին, Աքելին։

Լիզան շատ է խնդրում, որ գաս Աբասթուման։ Երեկ իրիկուն նկարվեցինք, ահա ղրկում եմ2. Գալֆայանն էլ մեզ հյուր եկավ։

Ուզում էին ինձ հիմա հետները տանեն՝ չգնացի։ Մայրիկին ու Մարուսյան շատ լավ են. այսպես են ասում իմ թանկագին հյուրերը։

Քո Հովհաննես

152. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Բելի Կյուչ

<1901>, հուլիսի 30, Ուրավել

Օլյա ջան,

Նախընթաց նամակդ ինձ շատ վշտացրեց, բայց այս վերջին նամակդ ուրախ էր1։ Շատ էլ բանի տեղ մի դնեք