Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/271

Այս էջը հաստատված է

մեկը կլարնետ է ածում. էլ ձայն չկա։ Ինչ-որ տխուր տրամադրություն ունեմ։ Այժմ ավելի հաճախ եմ հիշում քեզ ու երեխաներին և անհամբեր սպասում եմ ամառվա վերջին։ Մի ամիսն էլ շատ մեծ ժամանակ է. ով գիտի՝ ինչքան փոփոխություններ կարող են կատարվել։

Լավ ես արել, որ վերջապես աղախին ես վարձել։ Եթե լավն է, պայմանավորվիր հետդ բեր. ռուսերեն էլ հետը կխոսես, կսովորես։ Տերտերն ու մայրիկը երևի էլ Շուլավեր չեն գնալ այսպես շուտ. իսկ երեխաները հո, ես կարծում եմ, ավելորդ է այդտեղից քարշ տալ Շուլավեր. ուրիշ բան է, եթե ճամփան մոտիկ լիներ։ Բարևիր բոլորին. գրկում, համբուրում եմ քեզ և երեխաներին։

Քո Հովհաննես
153. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել—Վիձիսի
<1901>, 30 հուլիսի, Ուրավել
Թանկագին Մարիա Մարկովնա,

Կես գիշեր է։ Քնած է ամբողջ Ուրավելը. միայն կողքիս դաչի պատշգամբում մինը կլարնետ է ածում և դիմացի գյուղից հեռու մի շուն է հաչում։

Իմ քունը չի տանում։ Ինչ-որ մի անորոշ թախիծ սիրտս ճմլում է։ Երբեմն տխրությունը ուրախությունից ավելի է դյուր գալիս մարդու։ Բայց ինչու եմ տխուր՝ չեմ հասկանում։ Արդյոք, անիրագործելի ցանկություննե՞ր են սգում սրտիս մեջ, խորտակված ցնորքնե՞ր են շարժվում, հեռվի կարո՞տն է այրում, թե՞ մոտիկ գալիքի նախազգացումն է քնքուշ ծփում, մեղմով հոգիս վրդովում…

Ո՞վ իմանա, տխուր եմ էլի։ Բայց ես ուրիշ բան պետք է գրեի։ Արդեն ուզում եմ հեռանալ Ուրավելից։ Ուզում եմ մի քանի օրով գնալ Աբասթուման, այնտեղից վերադառնալ դեպի Ախալքալաք, Ախալքալաքի գյուղերով ու Շիրակի կողմերով