Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/281

Այս էջը հաստատված է

հրավիրված էի, ուր մնում էի, մի հրաշալի ընտանիք է՝ Շահպարոնյան։ Այդ տան մեծ տղան՝ Վարդանը այս քանի օրս գալու է Թիֆլիս, կարծում եմ՝ ես վրա կհասնեմ, բայց եթե չհասնեմ, շատ ուրախ կլինեմ, որ կարողանաս պատիվ տալ։ Սրնգի կինը դրանց բարեկամն է1։

27-ին Ախալքալաքից դուրս եկա շատ լավ տպավորության տակ և բոլորովին առողջ։ Շատ լավ ժողովուրդ են. շարունակ խմել ենք կենացդ, շատ են հետաքրքրվել քեզ տեսնելու. տիկիններին, մանավանդ, խոսք եմ տվել, որ եկող տարի քեզ կբերեմ Ախալքալաք ամառանոց. օդն ու ջուրը սքանչելի են։

Միայն մի անախորժ դեպք պատահեց, որ մոտերս գրավեց լրագիրներում։ Մի կնոջ քաղաքից դուրս բռնել էին ու ամբողջ գիշերը պահել, բռնաբարել հերթով… 30 հոգի։ Այժմ քննվում է. կինը մի քանիսին ազատել է տվել, իբրև թե նրանք չեն եղած2։

Ախալքալաքից, ինչպես գրել էի վերջին նամակում, գնացինք Գանձա գյուղը, երկար ճամփով՝ 40 վերստ, գիշերով. երեք օր էլ այնտեղ ժամանակ անց կացրինք, այնտեղից էլ գնացի տեսնելու Փարվանա լիճը, իսկ Ախալքալաքից գնացի տեսնելու Թմուկ բերդը։

Իմ տանտիրուհին ինձ ճամփու դրեց մի հեռացող որ դու նման, և առհասարակ ամբողջ ընտանիքը։ Հետս պաշար էին դրել. էլ գաթա, մրգեղեն, գինի, սարդինկա և այլն։ Ախալքալաքից մինչև Ալեքսանդրապոլ փոշտով եկա։ Ղարախաչի սարերում գիշերը վրա հասավ, փոթորիկն ու ձյունը բռնեցին, և մնացի կայարանում։ Մյուս օրն առավոտն իջա Ալեքսանդրապոլ։ Իջա հյուրանոցում։ Բայց մի ժամ տևեց հյուրանոցը։ Ընկերս ինձ իսկույն փոխադրեց իրանց տունը, և իր քույրերի հետ կառքով եկանք իրանց կալվածքը, որ 25 վերստ է Անի քաղաքից3։ Վաղը Երևանի գծով՝ երկաթուղով գնալու ենք Անի։ Երկու օրից կլինեմ Ղարաքիլիսա, ուր հույս ունեմ քեզանից նամակ կունենամ. այնտեղից էլ կգամ… վերջապես։