Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/30

Այս էջը հաստատված է

Ականատես մարդիկ պատմեցին, թե Ուզունլար ուսուցիչն ու Եգորը, քանի որ գիտես, լավ իրար տեսել են (իրար տեսնել—Երեցփոխյանի բառարանում3 բացատրում է — քոթակել), բանն էն տեղ է հասել, որ ուսուցիչը իրան հիսուն ռուբլի մնացած ռոճիկն ստանալու համար երեսուն ռուբլի կաշառք է տվել, հը՞, ի՞նչ կասես… Չգիտեմ քեզ գրել եմ, թե չէ, որ մեր փթիր (թե դպիր) Սմբատ Շահազիզը անեկդոտների գիրք է հրատարակում, այն գիրքը, որի միտքը ծագեցնելը քեզ է պատկանում և որ պետք է երեքով էինք հրատարակել, մի մասը արտագրած է «Նոր դարից»։ Անունը դրել են «Ծիծաղի տոպրակ»։ Անունն ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը… Ես ոչինչ չասացի4։

Քեզ վրա անցյալ ամսին մի ոտանավոր նամակ էի գրել (ջգրու), բայց կորցրել էի. այս օրերս գտա, պատռտվել է, կարտագրեմ կուղարկեմ5։

Ահա թե ինչու ջգրու։ Չգիտեմ ինչ կնշանակի քո գրած «հազվագյուտ բանաստեղծ» և այլն հազվագյուտ գովեստներր իմ մասին, սրա անունն ի՞նչ ա. ուզում ես մարդու տա՞ս, ինչ ա. թե՞ ծաղրում ես, որ ավելի հավանական է. կամ գուցե ավանակական… Դուն ամառ-ձմեռ մի խելքի չես մնո՞ւմ։ Ադա, ըստեղ ինձ ասըմ ես գրքով հրատարակի, տակս կրակըմ ես, եդնա գնում ըտեղանց գրում, թե լավ կլինի, որ դեռ չհրատարակես, դեռ ամսագիրներում տաս։ «Աղբյուրի» այս համարումը տպված է Աղայանցի ուզած բանաստեղծությունը, որի մասին նախորդ նամակում գրել եմ, սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտեն՝ Բայրոնի ազգականն եմ։ Մի քանի տողում, չգիտեմ ի՞նչ իրավունքով կամ ինչո՞ւ, փոփոխություններ է արել, ետ առաջ դրել, երկու տող էլ հանել է6։ Գնամ տեսնեմ կարեկտուրայի մեջ անունս տպած է Օհաննես. գրաշարներին ասըմ եմ, տո էս ինչ եք արել. թե Աղայանցն է արել, ասըմ ա հայերեն այդպես է. վերջապես անունս ուղղել տվեցի, տպել տվեցի Հովհաննես, որը չգիտեմ ինչերեն է, գուցե եբրայեցերեն։