Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/300

Այս էջը հաստատված է

Իհարկե, ես կաշվից դուրս կգամ ու կապացուցեմ, որ այդպես չի։ Ոչ թե ծույլ եմ, նրա համար է ձանձրալի, այլ ձանձրալի է, նրա համար եմ ծույլ։

Հա՛, չմոռանաս «Մուրճը» ղրկես։

Գրել ես, թե ձեռքս «թրթռում է», գրածիցդ էլ էր երևում. այդ ինչ բան է, անցավ, թե դեռ թրթռում է. երևի ցնցվելուն ես թրթռոց ասում։

Ես էլ մի քիչ ջերմ ունեցա, նրանից հետո ատամս շատ ցավեց, այժմ բժշկում է այստեղի զինվորական ատամնաբույժը։ Գիշերները չէի կարողանում քնել։

Գրեթե ձանձրացել եմ այստեղից։ Թիֆլիսն եմ ուզում, բայց այնպես, որ շոգ չլինի, ես էլ սարքված, տեղավորված լինեի, «Վերնատունս» կարգն ընկած ու մի գրական եռանդուն կյանք, նոր տենչերով, նոր շնչերով։

Այս ձմեռ «Վերնատունը» պատվավոր կերևա։ Պետք է մի նոր հոսանք առաջ բերել, նոր գրական հասկացողություններ, ճաշակ, լուրջ վերաբերմունք, պատկառանք դեպի գրիչը, գրչի անպայման մաքրություն։ Է՜յ, սար ու ձորեր կան հայոց «նշանավոր» գրողների12 և մեր «Վերնատան» որբերի մեջ։

Կեցցե՛ «Վերնատունը»։

Համբուրում եմ քեզ՝
Քո Հովհաննես

171. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

<1902>, 10/VIII, Белый Ключ

Սիրելի Ֆիլիպ,

Անցյալ անգամ խոստացա հաջորդ նամակովս քեզ ղրկել իմ նոր գրած ոտանավորը։ Կատարում եմ խոստումս և մեկի փոխարեն երկուսն եմ ղրկում։