Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/314

Այս էջը հաստատված է

սքանչելի տեսարան է բացվում, այնտեղից էլ գնացի Ցխրա-Ծղարո։

Վերջապես եկա Աբասթուման։

Շուշանը սաստիկ տաք կպավ գործին, այնպես սկսեց կերակրել ինձ ու իր ճուտերին, որ ճուտերը հիվանդացան, բայց ես կարողացա դիմանալ։

Ապա հանձնեց ինձ իր բժշկին, որ մի շատ լավ մարդ է։ Բժիշկը քննեց երկար, գտավ, որ սաստիկ հոգնած եմ ու նարդերս քայքայված, հարկավոր է սնունդ և հանգստություն։

Այնտեղից էլ, բժշկի հանձնարարությամբ, ձեռքս բռնեց, բերավ нахлебник տվավ Тячкин անունով մի մարդու կնոջ, ամսական 35 ռ., պայման կապեց, որ ամեն օր՝ առավոտ, նախաճաշին, ճաշին, ընթրիքին, չգիտեմ ինչ ու ինչ տան, խնդրեց, որ լավ պահեն, ապա հոգաց, ինչ որ մտքովն անցավ կամ պակաս գտավ, պատվիրեց, որ պալտոյիս կոճակները միշտ գցած պահեմ ու կալոշներս չհանեմ, ու եկավ Թիֆլիս։

Այժմ ազատ եմ։ Պալտոն ուսս եմ գցում ու առանց կալոշների բարձրանում սարալանջերը, ամբողջ օրը ման եմ գալիս, իրիկունը ժամը 10–ին անպատճառ մտնում անկողին։ Բժիշկն այսպես է պատվիրել, որ 10–ին մտնեմ անկողին։ Թեև անկողնում կարող եմ զարթուն մնալ ու երազել։

Այժմ շտապում եմ Ձեր նամակը վերջացնել, թե չէ 10-ը կլրանա ու կմնա կիսատ։

Այսպես ահա ապրում եմ Тячкин–ի տանը, ինքը թեև հիվանդ ու խեղճ մարդ է, բայց ունի հանքային բերի կոմիսարի պաշտոն և առողջ ու աչքաբաց կին։

Կերակրվում եմ տնավարի, ուտում եմ Շուշանի պայմանավորված և պայմանից դուրս ամեն բան, առանց պայմանը հիշելու, և գոհ եմ, բայց սրանք ավելի շատ մտածում են, որ Շուշանը գոհ լինի, քան թե ես, ինձ արդեն տանու մարդ են համարում։ Այսպես ապրում ենք սիրով, ինչպես