Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/321

Այս էջը հաստատված է

կեցցե՛ «Վերնատան» հարսը։ Երևակայում եմ՝ ինչքան ենք խնդալու։ Հրաշալի զույգ են։ Արդյոք, ե՞րբ է գալու, գուցե քեզ գրել է։ Անպիտանին շատ եմ կարոտել2։

Այժմ գանք իմ հարսանիքին3։ Տպագրելիք, պատրաստ նյութերի մասին ես կպատասխանեմ մի երկու շաբթից հետո, թե որքան կլինի։ Քո առաջարկությանը, թե ընտրությունը, միանգամայն ձեզ թողնեմ՝ չեմ համաձայնելու։ Եվ ինչ միտք ունի՝ որքան կարելի է շատ։ Ես հասկանում եմ. դու հաստության համար ես ասում, որ կարելի լինի վրեն էջ 3— 5 ռ. նշանակել (որը շատ ու շատ թանկ է), բայց չեմ կարող։ Եթե ստիպված չլինեի, նույնիսկ չէի էլ տպիլ այժմ, իսկ եթե մի բան տպեի, անշուշտ կանեի բրոշյուրներով։ Դու հեշտ ես հափշտակվում։ Այս ի՞նչ հաշիվ է, որ դու անում ես. ասում ես , եթե 1000 բաժանորդ ունենանք 5 ռուբլով4

Ո՜վ սուրբ անմեղություն…

Այդ, իհարկե, ձեր բանն է և թողել եմ ձեզ, բայց մի՞թե, մեր աշխարքում չես ապրում։

Գրքի առակն էլ իր կարգին, հետո էլ կխոսանք5։

Բայց այն, որ ոչ թե գիրք, այլ գիրքը գրող է ստեղծում, ահա այս հանգամանքներն են, որ ես ունենում եմ վերջապես։ Իհարկե, դեռ նոր եմ ուժի գալիս, անշուշտ կպարապեմ, ստիպված ոչ թե արտաքին հանդիմանություններից կամ խրախուսանքներից, այլ ներքին ուժեղ դրդումներից։ Մանավանդ, երբ ընտանիքիս կողմից էլ միամիտ կլինեմ, որ ինձ համար ավելի մեծ հոգս է, քան իմ սեփական առողջությունը։

Այստեղ թե որքան կմնամ, այդ դեռ չգիտեմ, բայց այստեղից հետո, եթե ինձ տրվեն այս միջոցները, ես վաղուց փայփայած մի միտք ունեմ, այն կարող եմ իրագործել, որ ինձ համար շատ մեծ նշանակություն կունենա ըստ ամենայնի6։

Այն Ժողովին, որ վճռվելու է ինձ համար нa перья և այլն, եթե 3 ռ. ես առաջարկելու, դու չգնաս, քո ձայնը տուր Շուշանին7: