Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/323

Այս էջը հաստատված է

Բորժոմից գնացի տեսնելու Բակուրիանը։ Հրաշալի է երկաթուղով վերելքը դեպի Բակուրիան։ Այնտեղ խոսք ընկավ, թե Ցխրա-Ծղարոյի գագաթից արևածագին սքանչելի տեսարան է բացվում, բայց այժմ սաստիկ ցուրտ է։ Ну! գնանք, գնանք Ցխրա-Ծղարո։ Перм-ից մի ռուս տուրիստ, председатель[1] չգիտեմ ընչի, հետս ընկերացավ ու… դեպի Ցխրա-Ծղարո։ Ցխրա-Ծղարոն, որ հայերեն կնշանակի իննակնյան (ինն աղբյուր), մի բարձր գագաթ է Ахалк<алакский> перевал-ի[2] մոտ, Բակուրիանից 20 վերստ։ Այնտեղից երևում է Կովկասի շղթան և Սև ու Կասպից ծովերը միաժամանակ։ Կարճն ասեմ. перевал-ի почлег[3]-ից առաջնորդ առանք ու առավոտյան ժամը 6-ից առաջ արդեն տեղ էինք հասել։ Ձյուն էր գալիս։ Մեր առջև բացվեց մշուշային մի անեզր ծով, Կովկասը թաղված այդ ծովի մեջ ու մենք վերևը։ Ոլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք ու սպասում էինք արևի ծագելուն։ Հանկարծ մշուշն իջավ, այստեղ-այնտեղ այդ մշուշի ծովից դուրս տնկվեցին բարձր սարերի կոնտուրները, վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու… իսկույն կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով՝ մշուշով։

Բայց այն ի՜նչ հրաշք էր:

Այն արևելքի ոսկի դռներն էին…

Այնուհետև էլ չբացվեց։ Ամպերը՝ հանդարտ ու հոյակապ, կարծես ճեմում էին սարերի վրայով, մերթ ծածկելով ամեն բան, այնպես, որ իրար մենք հազիվ էինք նկատում, մերթ այստեղ-այնտեղ բաց անելով սարերի դեռ կանաչ լանջերը։ Եվ ամեն անգամ ինձ թվում էր, թե այդ ամպերի տակից, այդ դալար լանջերի վրա, ուր որ է, այժմ կհայտնվեն թեթև, գեղեցիկ աստվածուհիները խմբով կամ նրանցից

  1. Նախագահ։
  2. Ախալքալաքյան լեռնանցք։
  3. Լեռնանցքի գիշերային օթևան։