Այսօր ևեթ պատասխանեցի, որ այժմ կարիքն էլ անցել է, ինքն էլ կստանա5։
Կգրեմ Ֆիլիպին, որ այս երկու օրս քեզ փող տա։
Փոքր տախտը, որ դրել եք իմ սենյակում երեխանց պարապելու համար, պատից հեռու դրեք, թե չէ պատից ցուրտ է փչում։
Սպասիր, այստեղ գրիչս փոխեմ։
Ես էլ այստեղից նամակ գրեցի մերոնց՝ Արտաշի համար6։ Շատ են զարմանալի, ինչպես առհասարակ գյուղացիք կամ տգետ մարդիկ։
Ինձ համար ես հարցնում։ Ես շատ լավ եմ. շատ լավ են պահում։ Ռուսական կերակուրների հետ հաշտվել եմ արդեն։ Իրենք, կրկին ասեմ, հիանալի մարդիկ են։ Կինը մարդուց է լավ, մարդը կնոջից։ Վերին աստիճանի քաղաքավարի, մաքուր, սիրալիր։ Ամեն օր զբոսնում եմ լեռների վրա, անտառներում։ Առաջին փակ նամակիս վրա գրել եմ իմ քաշը, նայիր ու համեմատիր, այսօր էլ քաշվեցի - եկա 4 փութ, 11 ֆ. 24 մ.։ Բժիշկը այսօրվանից նշանակեց տաք վաննա երկու օրը մի անգամ։
Այսպես գնալով, գալուս ժամանակ շատ առողջ կլինեմ, եթե ուրիշ բան չպատահի։
Օսանին բարևիր, որ այդքան շուտ-շուտ գալիս է քեզ տեսության և համբուրիր իմ կողմից։
Իշխանուհին գրում է, թե Ռուստեմը հիացած է մեր տների վրա։ Ափսոսում է, որ ինքը չի կարող բարձրանալ, գա տեսնելու։
«Տարազի» նամակը ղրկիր ինձ. ջնջիր Թիֆլիսի հասցեն-գրիր Абастуман և այնպես փոստը գցիր7։
Ասում ես օրիորդից նեղացած ես։ Բայց կարելի է և չնեղանալ։ Նա, ինձ թվում է, որ ինձ լավ չի ճանաչում, կամ կարծում է դու էլ կնեղանաս, եթե ինձ ավելի բարեկամավարի վերաբերվի։ Այդ պետք է վերագրել ավելի շուտ նրա ազնվությանը։ Իսկ քո կարծիքը, թե գուցե նա վախենում է, թե հեռու կգնա - սխալ է. նա բավական հասկանում է աշխարհքն