Филипп-ի[1] տոնն է։ Թեև ոչ սուրբ ես, ոչ էլ առաքյալ, բայց գոնե Ֆիլիպ ես. այնպես որ, շնորհավորում եմ տոնդ և պատասխանում նամակիդ, որովհետև «գրչիդ ծայրից դուրս է եկել»1։
Քո սիրտը չափազանց շատ է առաձգական և ավելի զգայուն, քան թե հարկավոր է մեր այս կոպիտ աշխարքում։ Եվ քեզ, իմ սիրելի միմոզա, չպետք է այդքան տակն ու վրա աներ իմ նախորդ նամակը։ Այնտեղ ոչ քո խիղճն է դատապարտած, ոչ իմ աքսորն է գանգատված, եթե, իհարկե, չկպչենք բառերի նեղ բառարանական նշանակությունից, և ոչ էլ, մանավանդ, հայտնած իմ կարոտը այն շրջանն երի, որ դու, այդքան քնքույշ լինելով հանդերձ, շատ անքնքույշ ու անզգույշ կերպով անվանում ես «տիղմ» կամ «ճահիճ»։
Ընդհակառակը, ես միշտ գրել ու հավատացրել եմ, որ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։
Այժմ. ո՞րտեղից դուրս եկավ այղ պատմությունը, որ ինձ լուսավորում է, չգիտեմ՝ ինչպես ասեմ, որ քեզ ստիպում է ինձ առաջարկելու, այն էլ շատ լուրջ, թե երբ եմ գալիս, գրեմ ճանապարհի ծախսը ուղարկես։
Դու գրել էիր, թե այդտեղ մնա ամբողջ ձմեռն (ու գարունը), ես էլ, խոսելով իմիջիայլոց այն մասին, թե ինչպես վատ է, երբ եղանակները խառնվում են, կարծեմ, այդ մասին գրեցի այս նախադասությունը, աստված ինձ համբերություն տա, քեզ՝ խիղճ, որ չգրես, թե ամբողջ ձմեռը կաց2։
Քեզ համար, ըստ երևույթին, չափազանց գրաբար ու անհասկանալի է մնացել այս նախադասության բուն միտքը, և դու այնտեղ միայն գտել ես քո խղճի դեմ հայհոյանք, որ, իհարկե, շատ ծիծաղելի է, և կարոտը իմ սիրած տիղմի, ինչպես գրում ես։
Նախ դու պետք է հասկանայիր, որ այդ գրում է մի մարդ, որ ունի այդտեղ ընտանիք ու երեխաներ, և ամենից առաջ պատճառը կարող է լինել նրանց հոգսն ու կարոտը,
- ↑ Սուրբ առաքյալ Ֆիլիպի։