Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/347

Այս էջը հաստատված է

ինչպես երևում է։ Թող իբրև հյուր լինի մեր տանը, իմ կինն էլ քիչ նեղություն քաշի, բան չկա1։

Երկրորդ. գրքի ապա գրության հարցով խնդրում եմ առայժմ ինձ չզբաղեցնեք2։ Առանց այն էլ վերջերս այնպես եմ, որ բժիշկը պատվիրում է, որքան հնար է, աշխատեմ հանգստանալ, իբրև բույս ապրեմ։ Այնինչ ես չեմ կարողանում. մի երկու շաբաթվա անքնությունը և մի քանի ուրիշ դեպքեր տակն ու վրա արին ինձ կատարյալ, և տակավին մի տեսակ գազազած դրության, ալեկոծության մեջ եմ։

Ես արդեն գրել եմ Շանթին երկրորդ անգամ ժողովին հայտնելու, թե ինչու այժմ ևեթ սկսելուն հակառակ եմ ես3։ Իսկ այն դիմումը, որի պատճենը Շանթը ղրկել էր իր նամակում, ինձ այնքան վշտացրեց, որ ես պատրաստ էի թքել և՛ գրականության, և՛ կյանքի վրա։ Դիմել հազար ու մի մարդու, գրել, թե Հ. Թումանյանը անապահով է, հիվանդ է, ընտանիք ունի, մի բան ավել ստորագրեցեք նրա բանաստեղծություններին4

Չեմ ուզում գրել, որ գրեմ, երկար կգրեմ, առանց այն էլ Շանթի նամակում գրել եմ5։

Բայց քեզ, որպես մի մտերիմ մարդու, որ այդքան հոգում է իմ մասին, անշուշտ, իբրև մի բանաստեղծ ընկերի, քեզ, ասում եմ, հիշեցնում եմ, որ սիրես՝ բացի իմ ֆիզիկական առողջությունը, մի քիչ էլ հոգու հպարտություն տեսնել իմ մեջ։

Ի՞նչ անենք, որ բանաստեղծ լինելով, նյութական նեղության, մեջ լինելով, ապավինած եմ մի քանի մարդու օգնության, մի՞թե դեռ պետք է շրջաբերականով հռչակեմ իմ խեղճությունն ու նպաստներ ժողովեմ։

Այդ դիմումը չպետք է լինի. գիրք ենք հրատարակում, թող ստորագրեն։

Առանց շրջաբերականի էլ դու քչերին չես դիմել։ Թե մի հաջողություն կլինի, թող գրքից լինի։

Բարևներով տանըցոնց ու համբուրելով քեզ՝

Քո Օհանես