Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/354

Այս էջը հաստատված է

սրտի քնքշության և հոգու ազնվության վրա։ Ես միշտ համոզված եմ եղել, որ Դուք քույրորեն տանջվում եք իմ վիճակով։ Եվ այդ է պատճառը, որ որքան էլ տեսել ու ընդունել եմ Ձեր զգացմունքների իրական ապացույցները, երբեք չեմ զգացել սրտիս վրա այն ահագին ծանրությունը, որ զգացի այս վերջին դիմումի2, այն էլ ծրագրի, միմիայն դատարկ խոսքերից։

Սիրելի Մարիա Մարկովնա, ավելի ծանր ու դժբախտ դեպք չի կարող լինել երբեք, քան երբ մարդու՝ իրեն ապրելու և իր ընտանիքը պահելու հոգսն որ խնդիրը դուրս է գալի իր ձեռից ու դրվում հրապարակ։ Այդ միշտ է անտանելի, բայց մանավանդ այն դեպքում, երբ այդ հրապարակը լիքն է ստոր մարդկանցով։

Ես հիշում եմ, մի քանի տարի առաջ սովորական բան էր հայոց լրագիրներում գրողներին անվանել «մուրացկան»։ Ամենանախատական խոսքը աշխարհքում, որ գործ էր ածում մի ժողովրդի լուսավորված, ինտելիգենտ մասը իր գրողների վերաբերությամբ։ Իսկ այդ ժողովուրդն ինքը իր կնոջ ու իր հարազատ երեխի քթիցն էլ է հանում իր տված մի պատառ հացը։

Ես տեսել ու լսել եմ շատ շատերին, որ լավություն են արել այս կամ այն գրողին, ու մտքումս ասել, երանի թե չլիներ այն գրողն ու գրականությունը, որ ընկած չլիներ սրա հուսով ու սրա մուննաթին։ Ես անձնական դժբախտ փորձերով էլ գիտեմ, թե ինչ մարդիկ են դրանք։ Դրանք ինչ են հասկանում՝ ինչ բան է բանաստեղծը։ Դրանք միմիայն բանաստեղծ կարող են սպանել, վկա են հայոց բոլոր բանաստեղծներն ու գրողները, որ շշկլված եկել են ու հայհոյելով ու գնացել։

Սա, իհարկե, պատմական մի շրջան է, երբ տաղանդը, որքան էլ կաշվից դուրս գա, միայն նահատակ կարող է լինել։ Իսկ նահատակել ամեն ձևով ու ամեն ձեռով՝ մեղք բան է։