Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/355

Այս էջը հաստատված է

Այն դիմումի պատճենը դղրդեց իմ հոգին։ Ես այն մի քանի օրը ինձ կորցրել էի, չնայելով Շանթր միշտ աշխատում էր իր նամակներում մեղմել ամեն բան ու պատվավոր մի ձևով ներկայացնել։

Եվ, երևակայեցեք, ես միայն այժմ, երբ այդ նամակներից հետո համոզված եմ, որ այլևս դիմում չի լինելու, միայն այժմ, ասում եմ՝ այս մի քանի օրը, ինձ զվարթ եմ զգում և ազատ շունչ եմ քաշում։

Այնինչ այդ նամակները Ձեզ շատ են վշտացրել3։ Ես շատ եմ ցավում, հիրավի, վշտանալու բան կա, բայց ինչ անեմ։ Տեսնում ե՞ք, որ վշտանալով հանդերձ՝ ինձ չեք մեղադրում։

Եթե երբևէ դիմումի մասին խոսք է եղել, ես իմ մեջը միշտ այսպես եմ մտածել, թե այդ դիմումը, երևի, կլինի մի քանի ունևոր մարդկանց, որոնց Դուք լավ եք ճանաչում, և որոնք մի հարուստի նման չեն ծիծաղիլ դիմողի ետևից, կամ մի հայտնի տիկնոջ նման չեն ասիլ, թե բանաստեղծը մի՞թե այդքան երեխա կունենա4

Բայց ես չեմ ուզում խոսել այս մասին ու վրդովվել կամ վրդովել։ Որ լինելով նեղության մեջ, այսուամենայնիվ, այսքան հակառակ եմ, սրանից ավելի էլ ի՞նչ ապացույց է հարկավոր, որ դառն է։

Սիրելի Մարիա Մարկովնա, ասում եք, որ ես գրականության մասին մտածեմ ու ինձ վրա նայեմ իբրև գրողի վրա, իմ զգացմունքները զոհեմ գործին5։

Բայց ցավն այն է, որ մեր գործն այնպիսի գործ է, ուր կարելի է ամեն բան զոհել, բացի զգացմունքները։ Սա զգացմունքների գործ է։

Գրականություն, լավ եք ասում։

Բայց գրականությունից առաջ գրող կա, գրողն էլ իր զգացմունքներով է գրող։ Երբ որ այդ զգացմունքները կզոհվեն, այնուհետև էլ գրող չի լինիլ, իսկ երբ գրող չի լինիլ- գրականություն էլ չի լինիլ։