Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/357

Այս էջը հաստատված է

եմ ու մնում եմ), հա՛, գրել էր, թե մնալու ես՝ нахлебник-ության փողն ուղարկեմ8։ Ես էլ այդ համարեցի, որովհետև ես էլ գրել էի, թե մնում եմ ու տվի տանտիրոջս։

Ռուստեմի նամակից հետո կարծում եմ, որ Ռուստեմի մոտ գնալու համար է եղած, որովհետև գրում է, թե այնտեղ վճռել ենք, որ գաս ինձ մոտ, տեսնեմ։

Ձեր նամակը զուր եք պատվիրած ղրկում։ Ես ստանում եմ բոլոր նամակները։

Ջերմ հարգանքներս Գեորգի Միխայլովիչին և բարևներ երեխաներին։

Համբուրելով Ձեր ձեռքերը՝

միշտ Ձեր Հ. Թումանյան

206. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժոմ—Թիֆլիս

<1902>, 5 նոյեմբերի, Բորժոմ

Սիրելի Օլյա,

Երևի չես զարմանալ, որ Բորժոմ եմ այժմ։ Առաջին նամակումս գրել էի1: Չորս օր է Աբասթումանից դուրս եմ եկել. Ախալցխա մնացի երկու օր. երեկ եմ եկել Բորժոմ։ Այնպես որ քեզանից ընդամենը 4 ժամվա ճանապարհ եմ հեռու այժմ։ Բայց կրկին հեռանալու եմ, կարծեմ վաղը կգնամ։ Երեկ Ախալցխայից դուրս եկա թե չէ, եղանակը սաստիկ խառնվեց, ձյունախառն քամի վերկացավ, այնպես խառնեց ամեն բան իրար, որ ֆայտոնում կալոշներս կորցրի։ Լավ էր, որ ձմեռվան օդեալը հետս վերցրել էի, ծնկներս ու ոտներս պահեց։ Վերջապես ճաշից հետո հասա Բորժոմ ու օդեալը կռանս գցած բարձրացա դեպի մեծ պալատը2։ Պահապաններից ոչ ոքի մտքովն էլ չանցավ արգելելու, իսկ երբ հասա գլխավոր մուտքին, դռները ծառան բաց արավ, կազակները վեր թռան տեղերից, շարվեցին ու ձեռքները