Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/359

Այս էջը հաստատված է

207. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

<1902>, 5/XI Բորժոմ

Սիրելի Ֆիլիպ,

Երբ մենք պալատում հաց էինք ուտում…
Բայց չէ, մի քիչ հեռվից սկսենք։

Երեկ Ախալցխայից դուրս եկա ու ճաշին սաստիկ ձյունախառն քամով, մրսած, ցեխոտ, ձմեռվան օդեալը կռանս գցած մտա Բորժոմի… պալատը։ Առանց պահնորդների երեսին նայելու քշեցի, հասա գլխավոր մուտքին ու այնպես համոզված մոտեցա, որ պահապանը իսկույն ևեթ դռները լայն բաց արավ, չաղ մանղալի շուրջը հավաքված կոզակները հանկարծակիի եկած իսկույն ևեթ կարգով շարվեցին ու ձեռները պատվի բռնեցին։ Չնայելով այս շատ անակնկալ ընդունելությանը և ձեռքիս թաց օդեալին, ես իշխանավարի, ձեռքի մի անփույթ շարժումով պատասխանեցի ու անցա վերև, այնպես խաղաղ ու հաստատուն, ասես, թե ձեր սանդուղքներն եմ բարձրանում։

Վերև հարցրի Ռուստեմին։ Ռուստեմը դուրս եկավ, թեև մի քիչ երկարատև, բայց պալատական լրջությամբ համբուրվելուց հետո ներս մտանք։ Հենց դուռը փակվեց թե չէ՝ մեր ծիծաղը պրծավ. տո՛, էս ո՞րտեղ ենք, էս ի՞նչ վոդևիլ է…

Եվ ի՞նչ ես կարծում. տեսնեմ սեղանի վրա կիսագրիլ մի տետրակ բաց արած։

— Տո՛, էս ինչ բան է։

— Թե՝ վոդևիլ եմ գրում։

Դե՛ եկ թազադան ծիծաղենք, բայց, իհարկե, այնպես կամաց ու զսպված, որ չլինի թե իմանան… Եվ առհասարակ սկզբում Ռուստեմը շատ կամաց էր խոսում, իսկ ես նրա կամաց խոսելուց վախեցած՝ ավելի կամաց, այնպես որ շուտ–շուտ հարցնում էինք՝ ի՞նչ…