Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/36

Այս էջը հաստատված է

էի և չեկա, ահա թե ինչու. ընդամենը հինգ գրագիր ենք. մեկը գնաց Էջմիածին, մյուսի հայրը վախճանվեցավ, սգվոր էր, երրորդը հիվանդ պառկած էր, չորրորդը հայերեն գրել չգիտե։ Ատենադպիրը հոնքերը կուտած, գործերն առաջին դիզած, անհիշատակ մեռելի նման ինձ էր նայում։ Քե՛զ եմ հարցնում, կարո՞ղ էի գալ։

Մուշիկի համար ինչ որ ուզում ես գնիր, չգիտեմ, ինչու ես հարցնում. թե փող հարկավորի գրիր, կուղարկեմ. տես, որ դարձյալ չհիվանդացնես։ Մուշեղի լուսանկարին նայելով, անցյալ օրը մի քանի ուսանողներ մարգարեանում էին, թե շատ խելոք, քաջ ու հանճարեղ մարդ կդառնա, այնինչ դու, ինչպես գրում ես, իշաների վրա է խնդում. բաս հետը մի էշ էլ բեր։ Իմ զինվորագրությունից լուր չկա3։ Եթե տեսնես ծնկներդ շատ են քոր գալիս, շտապիր գալ, բան կշինես։

Սրտատրոփ սպասում էի նամակիդ։ Ամեն օր գնում էի Փարիզի տղի խանութը նամակ ստանալու, սակայն սրտաբեկ և թույլ քայլերով դատարկաձեռն հետ էի դառնում։ Երեկ ճաշից հետո պառկած մտածում էի. սիրակարոտ սիրտս կրծքումս անհանգիստ բաբախում էր, և ես մտքով քեզ մոտ էի թռչում… հանկարծ ներս մտավ Կոնոն (յուր գալուց մի օր հետո, առաջին օրն եկել էր, ես փոշտումն էի եղել), ես նրանից իսկույն նամակ պահանջեցի, նա ինձ ասաց, որ ես թեև չեմ բերել, բայց Ջափարին է տվել։ Իսկույն գնացինք միասին ստանալու։ Այստեղ ես չեմ կարող նկարագրել իմ հոգու դրությունը, մինչև բավական որոնելուց հետո գտանք դիլիժանսի տեղը։ Օ՜, եթե գիտենար անգութ պանդոկապետը, թե ես ինչպես եմ սպասում յուր պատասխանին, այնպես սառն և անտարբեր չէր պատասխանիր — Դիլիժանսն առավոտը գնաց, — ասաց նա, և ես մնացի կայծակնահարի պես կանգնած։ — Բաս ձեզ մոտ նամակ չէ՞ թողել։ — Չէ: Ուրեմն տարավ դարձյալ։ Կարո՞ղ ես երևակայել, թե ինչ հալով վերադարձա։