Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/389

Այս էջը հաստատված է

Ես համոզված եմ, որ եկող տարի կկտրի։ Եթե նամակս շուտ էր հասել-այս տարի էլ կկտրեր։ Ես այդ գրելիս էլ գիտեի3։ Բայց գրողը հո չպետք է գերի դառնա այդ տեսակ հանգամանքների։

Այս պրծանք։

Ուզում եմ գալու ժամանակ Ախալցխա մի գիշեր մնամ։ Բայց եթե եղանակը լավ լինի՝ ուղղակի կգամ։ Շանթին գրում եմ սենյակների համար4։

Քո վերջին նամակից այնպես է երևում, որ երեխաները կաբինետում չեն պարապում, այլ կրկին խցկված են իրենց մութ սենյակում5։

Մի՞թե կարելի է ունենալ այդքան սենյակներ և երեխաներին ամենավատ, ամենանեղ և ամենամութ սենյակում փակել։ Ինչևիցե. կգամ ամեն բան կարգի կդնենք։

Առայժմ բարևներ բոլորին, համբույրներ երեխաներին ու քեզ։

Քո Հովհաննես

229. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902, 2/XII>1, Աբասթուման

Սիրելի Մարիա Մարկովնա,

Նայեցեք բանի հակառակությանը։ Մի քանի օր առաջ բոլորովին առողջ և հաշված էի, որ այսօր այդտեղ պետք է լինեի, այնինչ ջերմս բռնեց, մի քանի օրում կարգին թուլացա և գալս հետաձգվեց մի քանի օրով, մինչև կազդուրվեմ։ Իսկապես ես եմ Հետաձգել. բժիշկը խորհուրդ տվավ գալու, և նրա կարծիքով այժմ այստեղ մնալը օգուտ չունի։ Թեև ուրիշները հակառակն են ասում։

Վերջին ջերմս նա չկարողացավ ճիշտ բացատրել. ասում է Բորժոմից է մնացել կամ թե՝ այս քանի օրն այստեղ շատ խոնավ ու մառախլաատ եղանակ էր, գուցե սրանից է։