Ասում է՝ մինչև այդ ջերմը չանցնի՝ չես կարող կարգին կազդուրվել, քանի կազդուրվես կարող է հանկարծ այսպես մի քանի օրում ավերել։ Իսկ այդ անիծված лихорадка-ն [1] միանգամ ընդմիշտ վերջացնելու համար մի ռեցեպտ տվավ ինձ, որ բերեմ Թիֆլիս, այն ռեցեպտով 20 անգամ սրսկեն կաշվիս տակ. ասում է անպատճառ կանցնի։ Ասում է՝ ես պետք է այդ անեի, բայց գնացել էր Պետերբուրգ, նոր է եկել, այժմ էլ կինը ծանր հիվանդ է 2։
Ինչևիցե, մի քանի օրից կգամ։
Մի ամիս առաջ Վեսելովսկին ինձանից տեղեկություններ էր ուզել իմ մասին3։ Այդ տեղեկությունների մեջ խոսք եղավ, թե որ բանաստեղծն է ազդել ինձ վրա։ Ես մերժեցի մեր բանաստեղծների ազգեցությունը և հատկապես Ս. Շահազիզի և Գ. Քաթիպայի մասին գրեցի, որ նրանց չեմ սիրել, խորթ են թվացել ինձ և այլն. օրինակներ բերի, թե ինչպես Շահազիզը Մոսկվայի բազարն է երդում կամ ռուսի գյուղերը-ղրկեցի4։
Իհարկե, ես համոզված էի, թե ինչ տպավորություն կանի և Շահազիզի վրա.
Բայց… հանկարծ անցյալ օրերը նամակ եմ ստանում Շահազիզից, սաստիկ ցավ է հայտնում, լսած լինելով, որ հիվանդ եմ։ Մի չեկ է ղրկում գրական ֆոնդի տոկոսի գումարից, ներողություն խնդրելով, որ այս տարի քիչ եղավ, որովհետև այնտեղ էլ օգնության կարիք կար, խոստանում է մյուս տարին ավելացնել և միշտ ղրկել5։ Խոսում է գրքիս հրատարակության մասին։ Ասում է՝ դեռ հաստատ բնակարան չունիմ, ունենամ թե չէ կգրեմ իշխանուհուն։ Բայց դըժվարանում է բաժանորդագրության ցուցակը հանձն առնել, խոստանում է հետո տարածել և խորհուրդ է տալիս ուղարկել ցուցակը Լազարևին6։
Ուրեմն դուք արդեն սրան գրել եք։
- ↑ Տենդ: