Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/40

Այս էջը հաստատված է

բանալ (իրանք են վկաներ գալիս և բերում) և այլն, և այլն/ որ մեկն ասեմ, ես նրանց իմ խոստմունքներով բավական թափ տվեցի (իհարկե, սարքած բաներ են). ստացա մի քանի նույնամիտ նամակներ և գուցե դեռ շարունակվեն։ Ի՜նչքան հիմար են և կեղտոտ։ Ես ամեն ջանք գործ պիտի դնեմ, որ կարողանամ սրանց մեր ընտանեկան սիրով (եթե հնարավոր է) և միջոցներով ու կենցաղավարությամբ ցույց տամ, թե ինչքան բարձրից եմ նայել իրանց և իրանց դիվային խորհուրդներին։

Տեսնենք զինվորագրությունից ինչպես եմ պրծնում. եթե գիրքս էլ ընդունելություն գտավ, ինձ էլ ինչևիցե մի նշանակություն կտա, ինձ համար ամեն ասպարեզում պրոտեկցիա կլինի։

Գուցե շատ հեշտ կարողանայի մի ճամփա գտնել, որով կարելի լիներ փող դիզել, բայց ես ուզում եմ հասկանալով հանդերձ ոտնատակ չտամ մարդկային կյանքի խորհուրդը։ Այդ խորհուրդը միայն փող դիզելու, ուտելու և մեռնելու մեջ չէ կայանում, եթե այդպես լիներ էլ ինչո՞ւ ենք չարչարվում, որ աշխատենք, ուտենք հետո մեռնենք, հազիր առանց չարչարանքի մեռնենք էլի, ասենք թե աշխատել ենք, կերել, հետո մեռել… Մենք մեր գործը տեսնենք։

Ստացեք մայրիկիդ ֆուֆայկեն նամակիս հետ։ Տերտերը թեև այդտեղ խաբել է, թե տանն առած է, մոռացել էր, բայց իրիկունս առավ։

Բարևում են Պառավանք, գուցե Մաշոյանք էլ բարևեին, բայց նրանց չենք տեսնում էլ. մեր կողմի դուռը փակել են, երևի վախենում են մեզանից, որ տուն կմտնենք, բան կգողանանք։ Պիդժակս քիչ պատռվեց, ուզեցի Մաշոյին տալ, որ կարգին շինի, սակայն նա չերևաց, տվեցի գեներալշին կամ ճիշտն ասած՝ շաշին։ Շինեց էլի։

Քո Հովհաննես Թումանյան