Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/411

Այս էջը հաստատված է

ախար դիրք ենք հրատարակում, հայտարարություն ենք տվել2. դու գիտես, թե սրան ինչ պատասխան կտա բժիշկը։ Այսուամենայնիվ, ես այնպես եմ պարապում, որ չհոգնեմ։

Այստեղ եղանակները շատ են խառնվել. շուտով գնալու եմ Շուլավեր։

Աքելն այստեղ էր. առավոտն եմ ճանապարհ դրել։ Իրիկունը խոսում էինք ձեզանից, խմեցինք ձեր կենացը։

Երևի հետաքրքրվում ես ազգի վերջին խռովություններով։ Ամեն տեղ սաստիկ վրդովված են. այստեղից էլ բողոք ղրկեցինք։ Մեծ բաներ են կատարվում Էջմիածին։ Բայց, ըստ իս, գործը մեկ որ շատ են մեծացնում, մեկ էլ անխելք բան է. երբ որ հարկավոր էր, օրինակ ուսումնարանների ժամանակ, որ իսկի բարձր կարգադրություն չէր, ձայն չհանեցին, այժմ՝ ընդհանուր շարժում։

Նամակ է եկել, թե 3 վարդապետ են սպանել։ Երևանի խառնակություններն ու Ալեքսանդրապոլինը կամ Թիֆլիսի Վանքի աղմուկը կգիտենաս3։

Մարիա Մարկովնայից նամակ ունեի4, գրել էր, որ բժիշկն ինձ քններ ու տեղեկություն տար. ասում է՝ քո ինչն է, որ այսպես հետաքրքրվում է, անցյալներն էլ մի ուրիշ տիկին էր գրել։ Ասում եմ՝ բանաստեղծների միակ նաղդ բախտավորությունը այդ է։

Վերջապես, ջերմ բարևներ պ. Հակոբին ու տ․ Մարգարտին, Ժոզեֆինա Իոսիֆովնային իր ուճուլ–բուճուլներով։

Համբույրներով՝ քո Օհանես

251. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Դսեղ

<1903> , օգոստոսի 1, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Մեկել օրը մի հանդիմանական նամակ եմ գրել քեզ1։ Թեպետև արդար է իմ բարկությունը և նամակս էլ տեղին,