Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/442

Այս էջը հաստատված է

282. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

Շուլավեր, 1904, 7 օգոստոսի

Սիրելի Ֆիլիպ,

Ստացա իլլյուստրացիաներդ ու հարցերդ1։

Առաջին հարցդ։ Ասում ես՝ «Դու քո ճամփեն գընա, քույրի՛կ», ասել ես մեկին, որին գուցե հարգել ես, բայց իսկի չես գրավել, չես ուզել սիրել։

Վտանգավոր տեղ ես ընկել։ Այս այն ոտանավորներից է,որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսա- գրություն ունեն, պատմություն ունեն իրենց ետևը։ Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին։ Եվ դրա համար էլ պետք է ավելացնել՝ վտանգավոր, բայց լավ տեղ ես ընկել։ Ճշմարիտ՝ որ քննադատի համար թանկագին տներ են.

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։
Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձգտումներով իր անվերջ2։

Հավասարակշռությունն ու հույսերը կորցրած մարդու խոստովանություն և գազազած հոգու խոսք, որ ասում է իր սիրածին, թե «Դու քո ճամփեն գնա՛…» և աղոթք արա, որ մյուս անգամ չըհանդիպենք իրարու… որովհետև

Մենք ընկերներ չենք։

Դե այս գիտակցությունը, որ կա մի հոգու մեջ, այս թույնը, որ կա մի սիրո մեջ, նրանից հետո դու էլ իրավունքի ունիս այդքան շըշկլվելու և ասելու, թե՝ «դու չես ուզել սիրել»։