Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/443

Այս էջը հաստատված է

Ոչ, ուզելը ուզել եմ, բալց չեմ կարողացել և, երևի, երբեք էլ չեմ կարողանալու սրտալի սիրել, որովհետև… այստեղ արդեն ամբողջ կենսագրություն, մինչև որ, ինչպես հետևյալ երգում (2 հարցի) շատ ճիշտ ասված է,

… Եվ կյանքի հաճույքն, և կընոջ սերը
ընկան իմ սրտից3։

Բանը պարզվում է այսպիսով, և այդ տողերին շատ բնական կարգով հետևում են այս տողերը.

Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ…

Եվ ահա այսպես։ Դուրս եկավ մի հոգի, որ կորցրած կյանքի հաճույքն ու կնոջ սերը և ամեն լավ բան, ելած կյանքի ամեն ճամփից, ագահ, անվերջ ու անհանգիստ թափառում է, փախչում է անհայտ օրերի խավարի ընդդեմ։ Գուցե և դրանից էլ է, որ ես չեմ կարողանում լուրջ ոգևորվել ու պարապել կամ ապրել, ամեն բան աչքիս դատարկ է թվում և ուզում եմ միայն մի կերպ ժամանակն անց կացնել քեֆի մեջ լինի, թե զրույցի, որովհետև անցավորը ընկել է իմ սրտից, իսկ անանցի հետ կապված չեմ դեռ, անհայտը, որ պետք է ունենա ոգևորված գրողը, դեռ խավար է, մութն է ինձ համար, ու… թափառում է իմ հոգին։

Այդ անհայտը, կամ ավելի ճիշտ՝ իմ անհայտը, գուցե հենց այն «Վերն է», որ ես մեծատառով հիշատակել եմ «Ընկերիս» ոտանավորի մեջ (3 հարցի)։ Բայց հենց դա էլ շատ է անորոշ, կամ ինչպես ոտանավորն ինքն է ասում.

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու…

Այդ հեռու-ին հասնելը կամ այդ խավարը պարզելը հնարավոր է, իհարկե, միայն զարգացումով, այնպիսի զարգացումով, որ ես երբեք ունենալու չեմ և միշտ թափառելու է իմ հոգին։