Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/446

Այս էջը հաստատված է

Մխիթարից խոսենք: Նա ճշմարիտ է ասել, թե Ահարոնյանը իր քննադատության մեջ մի այդպիսի բան ունի ասած հատկապես «Անուշի» մասին։ նրա քննադատության մասին դիտես իմ կարծիքը։ Չգիտեմ որ №-ն է, կարծեմ I, թե II, լավ չեմ հիշում8։

Քո Օհանես



284. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1904, օգոստոսի 18, Շուլավեր
Սիրելի Ֆիլիպ,

Ստացա նամակդ1։ Պատասխանում եմ, բայց ոչ այնպես, ինչպես դու էիր պահանջել՝ գեներալների օրինակին-«այո՛ կամ ո՛չ»։

«Այոն» ու «ոչը» գեներալները կարող են պահանջել. նրանց զինվորական աշխարքում արգելված է դատելը։ Դրա համար էլ նրանք հանդիսանում են բանական մարդու ստորացումը։ նրանք դեմ են դատողությանը, որովհետև դատողությունը դեմ է նրանց. իսկ դու ինչից ես վախենում։ Ասում ես՝ մենք կչարչարվենք իրար նամակ գրելով ու կարդալով։ Իսկ ես քեզ կասեմ. աստված տա, որ չարչարվելով կարողանանք ճշմարտությունը գտնել։ Դու զբաղված ես քննադատի գործով, քննիր, շատ քննիր, որ կարողանաս դատել2։ Եթե իմ կարծիքն էլ պետք է քեզ, թող ասեմ, «այոն» ու «ոչը» քեզ բան չեն ասիլ։

Քննադատը թարգմանիչ է։ Նա պետք է թարգմանի բանաստեղծին և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը։ Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել։ Այնժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունը՝ եթե