Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/448

Այս էջը հաստատված է

Պատիվ քեզ, որ առաջինը մատդ դրիր դրանց վրա ու շինեցիր ուշադրության առարկա, թեկուզ մեր մեջ։

Ճիշտ որ՝ «Ելած կյանքի ամեն ճամփից»։ Ո՛չ տերտեր եմ, ոչ վաճառական, ո՛չ վարժապետ, ո՛չ արհեստավոր, ո՛չ զինվորական, ո՛չ երկրագործ, ո՛չ նույնիսկ ավազակ, չէ որ այն էլ կյանքի ճամփաներից մինն է. մի խոսքով, ինչպես միշտ նկատել են, երբեք չեմ եղել կյանքի մարդ, այլ՝

Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափ առում է իմ հոգին…
. . . . մանուկ օրերից
. . . . դեպի մի անհայտ երկիր։

Ելած կյանքի ամեն ճամփից-ը դու շփոթել ես «Աստծու ճամփից ելած» դարձվածքի հետ և ընկել ես սխալանքի մեջ։ Այստեղից էլ սխալ առաջ գալով՝ բառի գռեհիկ մտքովն ես հասկացել «Խենթ, խելագար գնում է նա» (հոգին)։ Մինչդեռ, եթե առաջինը գլխի ընկնեիր, երկրորդն էլ պարզ էր։

«Ես ձեզ գերմարդն եմ քարոզում-նա խենթություն է»,-ասում է Նիցշեն5։

Բայց ես չեմ ուզում քո բոլոր հոդվածներին ընդարձակ պատասխանել, որովհետև այդ կլինի արդեն, շատ հակառակ քո նամակի պատասխանին։

Զարմանալին այն է, որ դու հասկացել ես այդ ոտանավորները և չես հասկանում, որ հասկացել ես։

Ասում ես՝ անկարելի է, որ մարդ այսպես լինի, այսպես, և այսպես (9 պնդումները)։ Այո՛, այո՛, անկարելի է։ Եթե կարելի լիներ, արդեն կլիներ մի նորմալ դրություն, սովորական երևույթ։ Անկարելի է և հենց այդ է դրաման։ Օրինակով պարգենք։ Ասում ես՝ անկարելի է կտրված լինել կյանքի ամեն կապերից։ Իհարկե, անկարելի է։ Բայց (լավ լսիր) դու ելած ես կյանքի ամեն ճամփաներից, և այն բոլոր մարդիկ, որ այդ ճամփաներով են գնում՝ չեն կարող քեզ հետ լինել, այլ զարմանում են քեզ վրա, հանդիմանում են