Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/452

Այս էջը հաստատված է

ավելի ընդարձակն ու մանրամասը հետոյին1։ Դու հետևելով որոշ սիստեմի՝ պարզում ու ծանոթացնում ես ընթերցողին քո առարկայի հետ, մերթ-մերթ, արանքներում հայտնելով քո կարծիքներն ու տպավորությունները։

Ընդհանուր առմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորր մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մեր հայկական կյանքը, հայկական աշխարքը։ Գուցե այդ լինի իմ գլխավոր արժանիքը։ Այդ էլ, հարկավ, մեծ բան է, եթե այդպես է։ Բելինսկին ասում է՝ բանաստեղծի մեծությունը ամենից առաջ կայանում է նրա ժողովրդյան լինելու մեջ (народность)2։ Ամենից առաջ ամեն բանաստեղծ իր ժողովրդի սիրտը պետք է լինի։ Սակայն նրանից հետո կա մի ուրիշ մեծ խնդիր, թե որքան հաջող է նա կարողացել հառաչել այդ մեծ հառաչանքը։ Հոգին գտնելուց հետո պետք է մարմինը չմոռանալ։ Բանաստեղծը չէ՞ որ վարպետ է։ Այդ մասին դու քիչ ես խոսում, թե դրա փոխարեն գրեթե բոլոր լավ կտորներր հանդես ես դնում։

Մի խոսքով ավելի շուտ դու աշխատում ես ծանոթացնել ինձ հետ ընթերցողին, և այն էլ հենց սկզբից որոշած, թե նա մեծ տաղանդ ունի, քան թե դնում ես ու քննում։ Ինձ թվում է, թե քննադատը շատ է բարեկամ կամ բարեհաճ։ Սակայն այդ տեսակետ է ու համոզմունք։

Թեև դու չես ասում, բայց այնպես ես փռել ու ներկայացրել, որ բացի լավից, ուրիշ բան չի երևում: Էդ հերիք չի, հալա դեռ ուրիշից էլ ինչ որ թարգմանել եմ՝ նրանց զգացմունքներին և շնորհքին էլ հաղորդակից ես անում։

Նկատողություններս այդտեղ կանեմ, մանավանդ, ինչպես գրում ես, դեռ սրբագրվելու է։ Դրանք մանր բաներին են վերաբերում։

Վերջում խոստովանեմ, որ լավ չկարողացա կարդալ։ Դավիթը քիչ մնաց. այն էլ շարունակ զբաղված էինք կամ