Հովհ. Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի սույն՝ 9–րդ հատորն ընդգրկում է նամակներ և պաշտոնական գրություններ՝ գրված 1885—1904 թթ.։ Հաջորդ՝ 1905—1922 թթ. նամակները, խնդրագրերը և հեռագրերը կազմում են 10–րդ հատորը, որով և ավարտվում է բանաստեղծի երկերի երկրորդ գիտական հրատարակությունը։
Թումանյանի մահից հետո տարբեր առիթներով նրա նամակները հրապարակվել են պարբերական մամուլում։ 1939 թ. լույս տեսած «Թումանյանը քննադատ» գրքում, գրական–մշակութային հարցերի վերաբերող հոդվածների շարքում, ըստ ժամանակագրության, տեղ են գտել նաև որոշ նամակների հատվածներ, ինչպես և մի քանի ամբողջական նամակներ։
Նամակների առաջին հավաքածուն լույս է տեսել որպես երկերի գիտական առաջին հրատարակության V հատոր (1947 թ. 310 նամակ), նակների հրապարակումը լրացվել է նույն հրատարակության VI հատորը որում (1959 թ– 15 նամակ), այնուհետև՝ «Թումանյան, ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարի առաջին երեք գրքերում (70 նամակ, երկտող, պաշտոնական գրություն, խնդրագրեր)։
Նամակների հավաքման և հրապարակման գործում մեծ երախտիք ունի բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը, որը հոր մահից հետո առանձնահատուկ ջանասիրությամբ զբաղվեց նամակների հավաքման գործով և ապա հրատարակությամբ գործընկեր և խորհրդատու ունենալով անվանի թումանյանագետ Արամ Ինճիկյանին։
Հրապարակված նամակները (ինչպես մամուլում, այնպես էլ ժողովածուներում) այսօր չեն բավարարում բնագրագիտության պահանջները։ Կրելով ժամանակի գրաքննչության խստությունների կնիքը, նամակները լույս են տեսել ընդարձակ կամ մասնակի կրճատումներով, հանվել են որոշ անուններ, առանձին հատվածներ աղավաղվել են։ Բնավ չեն հրապարակվել ժամանակին քաղաքական մեղադրանքների ենթարկված գործիչներին հասցեագրած նամակներ ու պաշտոնական գրությունները (Նիկոլ Աղբալյանին, Խատիսյան եղբայրներին, Դավիթ Անանունին և ուրիշների), որոնցից մի քանիսը վերջին տարիներին հրապարակվեցին մամուլում։ Ձեռքի տակ չունենալու պատճառով չեն հրապարակվել Տիգրան Ռաշմաճյանին, Թադևոս Ավդալբեկյանին, Անդրանիկին, Վահան Թումանյանին, Զապել Եսայանին, Հովսեփ Հարությունյանին և ուրիշներին հղված