Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/462

Այս էջը հաստատված է



ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈԻՆԸ

1

Մեծ գրողի նամակները նրա կյանքի ու գործի, նրա թողած ժառանգության անփոխարինելի մասն են։ Դժվար է գերագնահատել Թումանյանի նամականին, մանավանդ եթե հիշենք, որ նա չի թողել ինքնակենսագրություն (1905 թ. լույս տեսած ինքնակենսագրական փոքրիկ հոդվածը միայն հատուկենտ տեղեկություններ է պարունակում՝ հիմնականում մանկական տարիների մասին)։ Պահպանվել են նաև ինքնակենսագրական գրառումներ ապագայում մանրամասն շարադրանքի համար, որոնք շատ կարևոր տեղեկություններ են պարունակում գրողի նախնիների, ծնողների, ուսումնառության, գյուղական միջավայրի հետ ունեցած շփումների, երկերի ստեղծագործական պատմության, զանազան կենսական տպավորությունների մասին։ Դատելով որդու՝ Արտավազդի սպանության հիշատակությունից, պետք է ենթադրել, որ գրառումներն արված են կյանքի վերջին տարիներին 1918 թվականից հետո։

Հարուստ են բանաստեղծի նամակներն իրենց բովանդակությամբ, նրա անհատականության, հոգեբանական ազդակների, հույզերի ու մտորումների, գաղափարական ըմբռնումների, հասարակական հարցերի դրսևորումներով։ Նրանց մեջ իր ժամանակի և միջավայրի հետ Թումանյանի անհամար կապերի բազմազան պերճախոս վկայություններ կան։ Բանաստեղծի գրական հասունացմանը զուգընթաց նամ ակները դաոնում են նրա աշխարհայացքի և գործունեության, հայ մշակույթի զարգացման համար ներդրած ջանքերի, երկերի ստեղծագործական պատմության փաստացի աղբյուրներ։ Նամակները հարստագույն նյութ են պարունակում նրա գրական հայացքների, նախասիրությունների, կրած ազդեցությունների վերաբերյալ։

Թումանյանի ապրած ժամանակաշրջանը՝ XIX դարի վերջերը և XX դարի առաջին երկու տասնամյակները, եղան հայ ազգային-քաղաքական կյանքի մեծ հեղաբեկումների տարիներ։ Լայն ծավալ ստացավ ազատագրական շարժումը, ասպարեզ իջան քաղաքական հոսանքներ և ընկերություններ, հիմնադրվեցին մշակութային նոր կազմակերպություններ ու պարբերականներ։ Մյուս կողմից, բազմապատկվեցին հայ ժողովրդի հալածանքները