Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/465

Այս էջը հաստատված է

Ժամանակը փոխվում էր, և Արծրունու շատ գաղափարներ երիտասարդության մի մասը հնացած էր համարում:Մյուս կողմից՝ Թումանյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասարակական կյանքի շերտավորումների, հոսանքների մեջ խորանալու անփորձությանը, այդ հարցերի նկատմամբ ուներ միանգամայն ինքնուրույն մոտեցում։ Նույն նամակում նա որոշակի գրում է. «Ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում, իմ կարծիքս, իմ հասկացողությունս՝ ինչ չափով էլ որ կան։ Ես իմ «ես»-ը ո՛չ «Նոր դարի», ո՛չ «Մշակի», ո՛չ «Մուրճի» և ուրիշի ազդեցությանը չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ և կպաշտեմ մինչև անգամ, եթե կա մի հանրօգուտ միտք»։ Այս տողերի ամփոփումը «ո՛չ մեկի զինվոր չեմ (աստված փրկի, ազատի)» խոսքերն են (1891, հոկտ. 23)։ Այդ սկզբունքով է ծավալվել նրա գործ ունեությունը և՛ գրականության մեջ, և՛ հասարակական կյանքում։

1892—1893 թթ. նամակները բովանդակում են բավականին փաստեր բանաստեղծությունների երկու ժողովածուների հրապարակմանը հաջորդող ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ նրա անունը արդեն հայտնի էր գրական միջավայրում։ Դրան նպաստում է նաև «Մուրճին» աշխատակցելը, ամսագիր, որն իր խմբագրի առաջադիմական գաղափարների շնորհիվ մեծ դեր է կատարել հայ գրական—հասարակական կյանքում։ Հանգամանքների բերումով այդ տարիներին կարճ տևեց Թումանյանի կապը «Մուրճի» խմբագրության հետ, նա չկարողացավ մնալ ենթարկվողի դերում, դիմակայեց Ավ. Արասխանյանին։

Հոգևոր կոնսիստորիայի պահպանողական միջավայրում Թումանյանի անցկացրած հինգ տարիները նրա համար եղել են տաժանք։ Ան. Աբովյանին մեծ սիրով է ավետում, որ աշխատանքի է անցել հրատարակչական ընկերության գրասենյակում, բայց այստեղ էլ Թումանյանի բանաստեղծական խառնվածքը նրան չկարողացավ երկար պահել և, ինչպես պարզվում է Ալ. Քալանթարին գրած երկտող դիմումից, գրասենյակապետի պարտականությունը նա կատարել է ոչ այնքան օրինակելի. այդ դիմումով նա շնորհակալություն Է հայտնում ընկերության նախագահից իր աշխատաոճի նկատմամբ ցուցաբերած համբերության համար։

Նամակները կոնկրետ փաստերով հավաստում են այն իրողությունը, որ և՛ գրական, և՛ հասարակական գործերում Թումանյանը միշտ որոնումների մեջ է գտնվել։ Մի որոշ ժամանակ դաշնակցությանը հարելուց հետո, 1893-ից նա գործակցում է հնչակյան կուսակցությանը, որին անդամ ակցված էին հայ նշանավոր շատ մտավորականներ, այդ թվում՝ Աղայանը, Շիրվանզադեն, Իսահակյանը և ուրիշներ։ Ա. Ղլտճյանին, Ա. Հովվյանին, Հովհ. Հովհաննիսյանին, Փ. Վարդազարյանին ուղղած նամակներում որոշ տեղեկություններ կան այդ կուսակցության հանձնարարություններով կատարած գործերի՝ հայ գաղթականությանն օգնելու, «հանգանակող և գործադրող կոմիտեներ» կազմելու, այդ նպատակներն իրագործելու