քննչական կոմիտե հանձնելուն ու ետ ստանալուն, գրքերը տարածելուն: Դրանով նա ինչ-որ չափով կանխել է նման հարցերում Թումանյան բանաստեղծի անհոգության հետևանքները, որի մի ցայտուն օրինակը հանդիպում ենք իշխանուհի Մարիամ Թումանյանին գրած նամակում (1899, օգոստոսի 12): Պարզվում է, որ 1892 թ. հրատարակած «Բանաստեղծությունների» II գրքից 500-600 օրինակ մնացել է Մոսկվայի տպարանում, իսկ ինքը՝ Թումանյանը անտեղյակ է եղել դրան. «Ես զզվում եմ իմ անպետքությունից կյանքի մեջ։ Ամեն օր իմ անփութության մի նոր ապացույց ու պատմություն»,-անկեղծորեն խոստովանել է բանաստեղծը։
Վարդազարյանի հետ գրեթե միաժամանակ (1892) Թումանյանը ծանոթանում է իշխանուհի Մարիամ Թումանյանին։ Այս դեպքում ևս սկսվումու հարատևում է մի մտերմություն, որը դարձյալ կարևոր նշանակություն ունեցավ բանաստեղծի կյանքի ու գործի համար։ Վկա՝ այն պարզ, մտերմիկ և բովանդակալից նամակները, որոնք շնորհակալական անկեղծ զգացումով նա հասցեագրել է Մ. Թումանյանին (1899-1916 թթ.) և Փիլ. Վարդազարյանին (1892-1917 թթ.) բանասիրությանը թողնելով հետաքըրքրական փաստեր իր երկերի հրատարակության-գործին նրանց մասնակցության, նյութական օգնության, բանտարկության ժամանակ նրանց միջնորդության մասին և այլ կարևոր տեղեկություններ։ Մ. Թումանյանի հետ բարեկամությունը ամրապնդվեց հատկապես այն ժամանակ, երբ վերջինիս տանը սկսեցին կայանալ գրական երեկույթներ։ Առաջին տեղեկությանը հանդիպում ենք Արամ Նազարեթյանին հղված 1898 թ. փետրվարի 22-ի նամակում, որտեղ Թումանյանը գրում է. «Մի գրական շրջան ենք կազմել— Ֆիլիպն է, Տ. Հովհաննիսյանը, ինժեներ Քաջազնունին, բժ. Արծրունին, փաստաբան Բաբաջանյանը, իշխանուհի Թումանյանը և խոնարհ ծառադ»։ Կազմը շուտով փոխվել է զանազան պատճառներով (օրինակ, Քաջազնունին տեղափոխվել է Բաքու), համենայն դեպս այդ խմբով տեղի ունեցած գրական հավաքույթի որևէ այլ փաստ հայտնի չէ։ Այնուհետև գրական խմբակի մասին մի նոր տեղեկություն հանդիպում է մոտ մեկ տարի հետո՝ 1899 թ. դեկտեմբերի 2-ին բժ. Արիստակես Զարգարյանին հղված երկտողում, որից երևում է, թե արդեն սկսել են կանոնավոր տեղի ունենալ իշխանուհու տանը կազմ ակերպվող գրական պարապմունքները, և հասցեատերը նույնպես հրավիրվում է «մեր երեկոյին»։
Սովորաբար հինգշաբթի օրերը կայացող երեկույթները ստացել են «հինգշաբթի» անվանումը։ Հիմնական անդամներ եղել են, բացի Թումանյանից և տանտիրուհուց, Փիլ. Վարդազարյանը, բժ. Զարգարյանը, 1902 թվականից՝ նաև Շանթը։ Մ. Թումանյանի վկայությամբ՝ երեկույթներին հաճախել են Իսահակյան, Աղայանը, Շիրվանզադեն, Դեմիրճյանը (ԹԺՀ, 469-471), կազմակերպվել են գրական ընթերցումներ, քննարկումներ (հատկապես անտիպ գործերի), արծարծվել են ազգային-հասարակական