Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/469

Այս էջը հաստատված է

արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից»։

Սակայն խաղաղասիրական այդ գործունեությամբ Թումանյանը գտնվում էր ժանդարմական վարչության մշտական հսկողության տակ, որի հետևանքը եղավ նրա բանտարկությունը 1908-ին՝ հայտնի «Դաշնակցության գործի» կապակցությամբ։

Բանաստեղծը մեղադրվում էր հակապետական ընկերակցության պատկանելու մեջ, որպես տեռորիստ, կառավարության դեմ ապստամբություն հրահրող։ Քննչական մարմինները այդ մեղադրանքները հաստատող հանցանշաններ որոնում էին ավելի շատ բանտարկությունից հետո, հատկապես աքն ժամանակ, երբ գործը անցավ Նովոչերկասկի տխրահռչակ քննիչ Ն. Ի. Լիժինին, որը հայտնի էր իր դաժանություններով։

Կարևոր փաստաթղթեր են Թումանյանի խնդրագրերը՝ ուղարկված Մետեխի բանտից քննիչ Պրիգարային (որպես գրավոր լրացումներ բանավոր հարցաքննության), փոխարքա Վորոնցով-Դաշկովին, Թիֆլիսի ժանդարմական վարչության պետին՝ գրված մարդկային և ազգային արժանապատվության բարձր զգացումով։ Իսկ իր գործունեության մարդասիրական բնույթի խոր գիտակցությունը օժտում էր նրան հավատով և լավատեսությամբ։ Պետերբուրգի նախնական կալանատնից դստերը՝ Նվարդին, գրած նամակի (1912, փետրվարի 1) հետևյալ խոսքերը դրա լավագույն ապացույց են. «Ես ինձ շատ լավ եմ զգում։ Լինել մաքուր և արդար—էդ մեծ բան է։ Դա տալիս է և՛ կայտառություն, և՛ հանգստություն, և՛ ամեն, ամեն ինչ, և՛ առողջություն»։

1909 թ. հունվարի 17-ի խնդրագրից երևում է, որ բանաստեղծին վիրավորել է հատկապես իրեն վերագրված «տեռորիստի» մեղադրանքը. «…Դուք կարծում եք, որ ես ընդունակ եմ ատրճանակ օգտագործելու։ Բայց ինչպե՞ս կարող էի ես չօգտվել մի այլ զենքից՝ իմ բանաստեղծական տաղանդից և իմ գրչից, որոնք, հավատացեք ինձ, ավելի զորավոր են, քան բոլոր տեսակի ատրճանակները»։

Խնդրագրերում Թումանյանը երբեք խնդրողի դերում չէ, այլ բողոքողի։ Նա պահանջում է հայտնել իր մեղադրանքն ապացուցող հանցանշանները, որպեսզի կարողանա հերքել և արդարանալ։

Ցարական դատարանում Թումանյանին ներկայացված գլխավոր մեղադրանքը դաշնակցության գործունեության հետ առնչված լինելն էր որով ստեղծվել էին նաև մյուս բոլոր մտացածին հան- ցանշանները։ Որքանո՛վ էր դա ճշմարտացի։ Իշխանություններին հանձնած խնդրագրերում, հարցաքննությունների և Պետերբուրգի դատավարության ժամանակ բանաստեղծը բազմիցս հերքել է իր գործունեության ուղղակի կապը դաշնակցական կուսակցության հետ, իսկ քննիչ Պրիգարային ուղղված սևագիր խնդրագրի մեջ բացատրում է, թե ինչու ինքը չի դարձել հեղափոխական.