Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/471

Այս էջը հաստատված է

այլ լոկ ընկերական և կոնկրետ գործի շուրջը» (1918)։ Իսկ «կոնկրետ գործը» այս դեպքում 1905—1906 թթ. հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն էր, որը գլխավորում էր դաշնակցությունը։ Հարկավ, դա չի նշանակում, որ Թումանյանը այդ կուսակցությանը հարել է 1905 թվականից։ Ըստ Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչության փաստաթղթերի, նա անբարեհույս քաղաքացի է համարվել 900-ական թթ. սկզբից (տե՛ս նշված գիրքը, էջ 14-22), բայց հավաստի փաստ, թե երբ է Թումանյանը սկսել կրկին գործակցել դաշնակցության հետ առայժմ չկա։ Միայն կարելի է կռահել, որ դա եղել է 1903—1904 թթ., երբ սաստկացել էին կառավարական հալածանքները կովկասահայերի նկատմամբ, սկսել էր բարձրանալ հեղափոխական ալիքը, վերելք էր ապրում կուսակցությունների գործունեությունը։

1920 թ. գրած «Պայծառ էջեր» հոդվածում Թումանյանը այսպես է բնորոշել իր բանտարկությանը նախորդած քաղաքական հանգամանքները. «Հեղափոխության ուրվականից վախեցած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց, ցանկանալով բաժանել նրանց և դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը» (ԵԺ IV, 421)։ Թումանյանը գիտեր, որ իր խաղաղասիրական գործունեությամբ դիմագրավել է բյուրոկրատիայի «չար խաղին», ուստի և անհրաժեշտ էր ամեն գնով հարցաքննության միջոցին, դատավարության ժամանակ ապացուցել, որ ինքը նախ և առաջ գրող է, գրական վաստակով ապրող անձնավորություն ու Պետերբուրգից գրած նամակներում էլ անվերջ պահանջում էիր գործունեության այդ կողմը ապացուցող վկայություններ։

1912 թ. Պետերբուրգի սենատի հատուկ ատյանի առջև Թումանյանը կարողացավ ապացուցել իր գործունեության մարդասիրական մղումները և, անպարտ ճանաչվելով, վերադարձավ Թիֆլիս։

3

1912 թ. հրապարակած հոդվածները («Հայոց պատմություն», «Հայագիտական ազգային ֆոնդը»), Ն. Մառին, Մ. եպիսկ. Տեր-Մովսիսյանին, Գ. Տեր-Մկրտչյանին և ավելի ուշ գրված այլ նամակներ ապացույց են, որ այդ ժամանակ են դրվել հիմնաքարերը Հայկազյան ընկերության հայկական ակադեմիա և համալսարան ստեղծելու շեմին։ Քաղաքական անբարենպաստ իրադարձությունները արգելեցին Թումանյանի նախաձեռնության իրականացումը, բայց խթան հանդիսացան Աելքսանդրապոլում, ապա Երևանում վերաբացված հայկական համալսարանի ստեղծման համար, որի առաջամարտիկները Հայկազյան ընկերության՝ Թումանյանի գործընկերներն էին (Մ. Տեր-Մովսիսյան, Մ. Աբեղյան, Ս. Տիգրանյան, Հր. Աճառյան, Ստ. Լիսիցյան, Ստ. Մալխասյանց և ուրիշների։

Բանաստեղծը մեծ խանդավառությամբ ընդունեց համալսարանի բացումը, և 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլ հասավ շնորհավորական