հեռագիր՝ գրված նրան հատուկ իմաստուն ու խորախորհուրդ գրչով։ Համալսարանի բացումը նա գնահատեց իբրև նշանակալից մի երևույթ, որը մեր ժողովրդին բռնակալներից ֆիզիկապես ազատելով՝ պետք է ազատի «նրա միտքն ու հոգին խավարի ու տգիտության բռնակալութլունից», հաղորդակից դարձնի «լուսավոր մարդկության ու տիեզերքի մեծ կյանքին»։
1912 թ. աշնանը ստեղծվում է Հայ գրողների կովկասյան ընկերությունը, նախագահ է ընտրվում Թումանյանը՝ մնալով այդ պաշտոնում մինչև կյանքի վերջը։ Գրեթե միաժամանակ Թիֆլիսում հիմնադրվում է հայոց ազգային բյուրոն, որի կենտրոնական կոմիտեի անդամ է ընտըրվում Թումանյանը:
Ազգային բյուրոյի ստեղծման նպատակը կապվում էր «Հայկական հարցը» միջազգային ասպարեզ հանելու հետ։ Բայց սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, և հօդս են ցնդում այդ խնդրի հետ կապված ծրագրերը։ Հայոց ազգային բյուրոյի կենտրոնական կոմիտեի և Թումանյանի գործունեությունը ստանում է նոր ուղղություն։ 1914 թ. և հետագա տարիներին գրած նամակներում և պաշտոնական գրություններում շատ պերճախոս վկայություններ կան պատերազմի շրջանում Թումանյանի ծավալած ազգային-հայրենասիրական լայն գործունեության մասին։ Նա լավատեսորեն էր նայում ապագային՝ համոզված, որ պատերազմն ավարտվելու է Գերմանիայի և Թուրքիայի պարտությամբ, իսկ դա էլ բանաստեղծի համոզմամբ, բերելու է «Հայկական հարցի» արդարացի լուծման։
1914 թ, օգոստոսի 3-ին, պարտավորված բանաստեղծ-ազգային գործչի իր դերով, նա պաշտոնական նամակ է գրում Լոռու գավառապետ Վ. Պ. Գավրիլովին՝ առաջարկելով իր օգնությունը, եթե Լոռում սկսվեն «սովորական անկարգություններ»։ Առաջին անգամ հրապարակվող այդ նամակը մի նոր ապացույց է այն բանի, որ Թումանյանի գերագույն սկզբունքը եղել է հայրենիքին ծառայելը։
Այդ օրը գրված մի այլ նամակով նույն պատրաստակամությունը նա հայտնում է իր վաղեմի բարեկամին՝ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանին՝ Թիֆլիսի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդին, միաժամանակ զգուշացնելով. «Պետք է աչալուրջ լինենք և պատրաստ։ Եթե ավելի կարևոր բանի պետք չեմ գալ, խառնակության դեպքում իմ անցյալ փորձը կա ու կա»։ Այս նամակի առաջին արձագանքը Թուման յանին հասնում է 1914 թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, երբ Թիֆլիսում ստեղծվում է պատերազմից տուժածներին օգնող կենտրոնական կոմիտե՝ Մ. Տեր-Մովսիսյանի նախագահությամբ։ Այնուհետև, 1914-1917 թթ. նրա ողջ գործունեությունը կապվում է այդ կոմիտեի հետ, որը ենթակա էր Հայոց ազգային բյուրոյին և որի կենտրոնական կոմիտեի կազմի մեջ միակ գրողը Թումանյանն էր։