Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/473

Այս էջը հաստատված է

Հայտնի են Թումանյանի հրապարակախոսական հոդվածները՝ գրված ազգի փրկության և հաղթանակի հավատով, որոնք անպայման ունեցել են իրենց դերը, հատկապես կամավորական խմբերի կազմակերպման գործում։ Բայց նրա գործունեությունը հատկապես կարևոր նշանակություն ստացավ 1914-1915 թթ. շրջագայությունների ժամանակ Բայազետի և Ալաշկերտի հովտում, Վանում, ապա Էջմիածնում՝ գաղթականության շրջանում աշխատելիս։ Դրանք իրենց արտահայտությունը գտան նրա մի շարք հայրենասիրական բանաստեղծություներում, հոդվածներում, ճամփորդական նոթերում։ Այս էջերում արտահայտվել են նաև հոռետեսական մտորումներ՝ կապված հայրենիքի ճակատագրի և մարդու գազանության հետ։ Նամակներում էլ Թումանյանը հաճախ նկարագրում է իր հոգեկան ծանր վիճակը, պատկերում «տեսածներն» ու «լսածները», գուշակում ավելի «աղետալի դեպքեր»։

1915 թ. ամռանը Էջմիածնից ուղարկած նամակներն ու հեռագրերը կարևոր վավերագրեր են Թումանյանի հայրենանվեր գործունեության, որով սովի ու հիվանդությունների համաճարակից փրկվեցին բազմաթիվ գաղթականներ ու որբեր։

Համաշխարհային պատերազմի տարիներին, միջազգային և ազգային ողբերգության օրերին, Թումանյանը շատ մտահղացումներ է ունեցել՝ գրականության ազգային պաշտպանություն, հայկական ակադեմիա, համալսարան, հասարակական ընկերություններ ստեղծելու նպատակով։ Պյատիգորսկում հանգստանալիս մեծ հավատով հանգանակություն է կազմակերպել Հայկազյան ընկերության համար, այնուհետև մտածել արտասահմանում կամ Ռուսաստանում կատարելագործված մասնագետներ պատրաստելու մասին։ Այդ բոլորը դարձել են նամակագրության նյութ, որի մեջ առարկայորեն երևում է նրա հայրենասիրական մտահղացումների բազմազանությունը և այն անկոտրում կամքը, որ նա հանդես է բերել իր ծրագրերի իրականացման ընթացքում։

1918 թ. կրկին ծայր առան ազգամիջյան պատերազմները նախ հայ-թուրքական, ապա՝ հայ-վրացական։ Թումանյանի այդ ժամանակաշրջանի նամակներն իրենց կցկտուր տեղեկություններով անգամ զարմացնում են ընթերցողին։ Բանաստեղծը կարողացել է կարճ ժամանակում ստանձնել Հայրենակցական միությունների միության նախագահի, Լոռի-Բորչալուի և հարակից շրջանների լիազորի և այլ պաշտոններ, որոնք նա վարել է վտանգելով ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամների կյանքը։

Համաշխարհային պատերազմի տարիների Թումանյանի շփումների, պապերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա համագործակցությունը զորավար Անդրանիկի հետ։ Վերջինիս Թիֆլիսում եղած ժամանակ նրանց հանդիպումները (հաճախ բանաստեղծի հարկի տակ) վերածվել էին ջերմ բարեկամության, իսկ շատ հարցերում՝ հայացքների որոշակի ընդհանրության: Պահպանվել են 1916-1919 թթ. Անդրանիկի՝ Թումանյանին հասցեագրած