տասը նամակ, որտեղ երևում է նրանց փոխըմբռնումը ժամանակի կարևոր իրադարձությունների գնահատության մեջ։ Թումանյանի նամակներից մեզ հասել է միայն մեկը՝ 1918-ի դեկտեմբերի 18-ի թվագրությամբ, բանաստեղծի համար ծանր վշտի օրերին (նոր էր տեղեկացել որդու՝ Արտավազդի սպանության մասին՝ Վանից գաղթելիս)։ Բայց նույնիսկ այդ ժամանակ նրա հոգսերի հոգսը ազգային գործերն էին՝ նոր սկսված հայ-վրացական պատերազմը, համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվող քննիչ բյուրոյի (որի նախագահը դարձյալ Թումանյանն էր) խնդիրները։ Այդ բյուրոյի գործունեության անհաջողության պատճառը նա համարում է իր հենարան չունենալը, Հայաստանի խորհրդարանի անհետևողական քաղաքականությունը այդ հարցում։ Անդրանիկին գրած նամակում նկատվում է երկուսի դժգողությունը Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաներից։
1918-1920 թթ. նամակագրության մեջ պետք է առանձնացնել նրա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա երևում է ինչպես Անդրանիկին, նույնպես և Գ. Խատիսյանին հասցեագրված նամակներում։ Դժգոհ լինելով կառավարության գործելակերպից, բանաստեղծը միաժամանակ համագործակցում էր նրա հետ, օգտվում կառավարության առանձին անդամների հետ ունեցած իր բարեկամությունից (Ալ. Խատիսյան, Հ. Քաջազնունի, Ն. Աղբալյան և ուրիշներ), երբ խնդիրը վերաբերում էր հայ գրողների ընկերությանը կամ որևէ այլ պաշտոնական գործի։
Ամեն դեպքում Թումանյանի համար սիրելի էր Հայաստանի անկախ Հանրապետությունը, իսկ տարբեր առիթներով կառավարության առանձին գործիչներից նրա դժգոհության ելակետը հայրենի երկրի խարխուլ վիճակի, տնտեսական ու քաղաքական ծանր կացության նկատմամբ նրա ունեցած սրտացավությունն էր։ Դրա լավագույն ապացույցը Թումանյանի պատասխանն է իր ծննդյան 50-ամյա հոբելյանին՝ նախարարների խորհրդից Ալ. Խատիսյանի ստորագրությամբ ստացած ողջույնի հեռագրին։ Թումանյանը «բանաստեղծի աղոթք է» խոստանում, որ հայ ժողովուրդը կենդանի մնա ֆիզիկապես։ Անկեղծ մաղթանքներով նա շնորհավորել է Հայաստանի անկախության տարելիցը 1919, 1920 թթ.՝ այդ անկախության մեջ տեսնելով լավագույն ապագայի արշալույսը, խաղաղ, ստեղծագործ կյանքը։
1920 թ. վերջին խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում Թումանյանն ընկալեց որպես իր ռուսական կողմնորոշման գաղափարի հաղթանակ։ Իմաստուն ազգային գործժի իր հոտառությամբ նա շուտ կռահեց աղետալի դեպքերի հնարավորությունը կուսակցական տարաձայնությունների պատճառով, ուստի և Հայաստանի հեղկոմին ուղղած իր դիմումի մեջ, զգուշացնելով անհեռատես քայլերից, նախորդ կառավարության սխալները կրկնելուց, համոզում էր ողջամտորեն վերաբերվել ժողովրդի