Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/476

Այս էջը հաստատված է

կապեր ստեղծելու, ինչպես և Կ. Պոլսի մշակութային կյանքի աշխուժացման համար։

4

Թումանյանի նամակների մեջ առանձնանում են ընտանիքի անդամներին գրածները, որոնք մեծ մասամբ հրապարակվում են աոաջին անգամ։

Այդ նամակները բաց են անում էջեր, ի հայտ են բերում՝ Լ. Շանթի խոսքերով՝ «ներսի Օհանեսը. ինտիմը» (ՈւՀ 4, 384)։ Դրանց մեջ Թումանյանը ներկայանում է որպես նահապետական հայ գերդաստանի գլխավոր, որը դրսից էլ կառավարում է ընտանիքը, դաստիարակում երեխաներին, օգնում նրանց իր իմաստուն խորհուրդներով։

Բայց նեղ ընտանեկան հարցերով չի սահմանափակվում այդ նամակների արժեքը, դրանք բավական նյութ են պարունակում նրա գիտական կենսագրության համար, օգնում են ճշտելու շատ այլ փաստեր նույնիսկ իրենց թվագրություններով։

Բերենք մի քանի օրինակ։

Ամուսնության առաջին տարիներին կնոջը գրած նամակներում քիչ չեն քնարական զեղումները, սիրո և կարոտի անկեղծ արտահայտությունները, բայց շատ շուտով զգացնել է տալիս նյութական ծանր վիճակի ազդեցությունը, որը խաթարում էր ընտանեկան անդորը, տեղիք տալիս հաճախակի անախորժությունների։ Օլգա Թումանյանին գրած 1890 թ. հոկտեմբերի 7-ի նամակը միակ աղբյուրն է այն մասին, որ զինվորագրությունից ազատվելու համար նրան առաջարկել են ուսուցչության գնալ Փիբ, Գանձակ կամ Դիլիջան։ Դրան կողմնակից է եղել դեռատի կինը, ըստ երևույթին, ընտանիքը պահելու՝ ծնողների օգնությունից և միջամտությունից ազատվելու, նրանց դժգոհություններից խուսափելու համար։

Թումանյանը հրաժարվել է ուսուցչությունից, չի կամեցել հեռանալ ընտանիքից, զրկվել ազատությունից, որ առանց այն էլ արդեն կաշկանդված էր հոգևոր կոնսիստորիայի ճղճիմ միջավայրում։ Կնոջը նա բացատրում է, թե չի կարող հանգստության համար պառկել դագաղի մեջ, թեկուզ դա ոսկուց լինի։ Իսկ վերջինիս գրած նամակը, որով նա իր համաձայնությունն էր տվել ամուսնու ուսուցչության գնալուն, Թումանյանին հասցրել է հուսահատության, ստիպել «անբախտ Համլետի նման բացականչելու՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»։ Դա բնական է. նոր էր մտել գրական, հասարակական ասպարեզ, սպասում էր աոաջին ժողովածուի հրապարակ գալուն, բանակցությունների մեջ էր գրքի տարածման, բաժանորդագրություն կազմակերպելու համար, նախապատրաստում էր երկրորդ գրքույկը:

Թումանյանի աշխարհազգացողության և բնավորության համար շատ բնորոշ է կնոջը 1902 թ. հոկտեմբերի 13—14-ը գրած նամակը, ուր, անդրադառնալով իր գրքի հրատարակիչների պահանջին, իրենց կամքը պարտադիր դարձնելու ցանկությանը, բանաստեղծը եզրակացնում է. «Կամքն ու