Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/507

Այս էջը հաստատված է

29. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ

(էջ 72)

Ապրիլի 16

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 278։

Տպագրվել է ԵԺ V, 50—52։

1 Նկատի ունի Մակար կաթողիկոսին։

2 Երկրորդ տողը պետք է լինի՝ «Հովիվ ազգի մերոյ»։ Մեջբերումը «Տէ՜ր, կեցո դու զհայս…» սկզբնատողով ազգային օրհներգությունից է, որի հեղինակը երկար ժամանակ համարվել է Մ. Թաղիադյանը (այդպես էլ ծանոթագրված է՝ ԵԺ V, 50)։ Նամակի մեջբերումը ճշտված է ըստ Մ. Միանսարյան, Քնար հայկական, Ս. Պ., 1868, էջ 217։ Օրհներգի հեղինակի մասին մանրամասնությունները տե՛ս «Հայ գրականության պատմություն», հատ. I, Եր., 1962, էջ 350։

3 Հրատարակչական ընկերության այդ ընտրությունների ժամանակ նախագահ է ընտրվում Ալ. Քալանթարը (մինչ այդ՝ 1889 —1890 թթ. ընկերության նախագահը Փիլ. Վարդանյանն էր), վարչության անդամներ՝ Արշակ Տեր-Գրիգորյանը, Արշակ Թադևոսյանը, խմբագրական մասնաժողովի անդամներ՝ Լևոն Սարգսյանը, Արշակ Բարխուդարյանը, Սաղաթելյանը, Խաչ. Մալումյանը։ «Մշակը» գոհ էր, որ ընտրվել էր «մշակական» երիտասարդներից կազմված նոր մասնաժողով, որը պետք է փրկեր ընկերությունը «իր երկարամյա թմրությունից», իսկ «Նոր դարը», ինչպես ընկերության այդ օրվա (ապրիլի 13-ի) ժողովը, այնպես էլ ընտրությունը, համարում է «ապօրինի» (ՄՇ, 1891, № 43, ՆԴ, 1891, № 64, նաև՝ ՄՃ 1891, № 5, էջ 659։ Այդ ընտրությունների և «Մշակի» դերի մասին մանրամասնությունները տե՛ս Լեո, Գր. Արծրունի, հ. III, էջ 391—392)։

4 «Գութանի երգը», որը Թումանյանը գրել է 1887-ի մարտին, առաջին անգամ տպագրվել է՝ ՄՃ 1891 և այնուհետև՝ ԲՄ 11։

5 Նկատի ունի «Կալի երգը (Լոռեցոնց)». գրել է 1889 թ., տպագրվել է՝ ՄՃ, 1893, № 1։

6 Բանաստեղծությունների II հատորում (որտեղ առաջին անգամ տպագրվել է այս բանաստեղծությունը «Ան. Աբ-ին» վերնագրով՝ 1891, մարտի 24 թվագրությամբ) «Եվ թռչունները» տողը ունի «Զվարթ հավքերը» տարբերակը։

7. Բանաստեղծության առաջին քառատողը, որը նամակում բերված չէ, հետևյալն է.

Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.—