Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/510

Այս էջը հաստատված է

վերջերս պատահած մի դեպքի առիթով» հոդվածում, ԱՐՁ, 1891, № 8, նաև՝ ՄՃ, 1891, № 5, № 10)։ Կաթողիկոսի ունեցվածքի հափշտակության գործի քննությունը ձգձգվել է մինչև 1893 թ. ապրիլ ամիսը, երբ Երևանի շրջանային դատարանը Հաջի Հակոբ Աբրահամյանին (Մակար կաթողիկոսի ազգականը և ծառան) դատապարտել է երեք տարվա բանտարկության (ՏԶ, 1893, № 16)։ Եպիսկոպոսները արդարացվել են, իսկ Սուքիաս Պարզյանը Խրիմյան Հայրիկի կաթողիկոս օծվելուց հետո նույնիսկ նշանակվել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ և ստացել արքեպիսկոպոսի կարգ։

3 Պոլոժենիե—Այն կանոնադրությունն է, որ հաստատվեց 1836 թ. Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի օրոք արևելահայ եկեղեցու համար։ Մշակել էր 1830 թ. Կովկասի կառավարչապետ Պասկևիչի կարգադրությամբ ստեղծված գաղտնի հանձնաժողովը և հանձնել Նիկոլայ I թագավորին՝ ի հաստատություն։ Հայ ժողովուրդը և եկեղեցին դժգոհությամբ ընդունեցին «Պոլոժենիեն», քանի որ դա սահմանափակում էր հայոց ազգային ավանդույթներն ու իրավունքները։

4 Հիշատակված երկու նահանգապետներից մեկը Երևանինն էր, մյուսը՝ Թիֆլիսինը։ Երկու պրոկուրորները սինոդի դատախազներն էին։ Էջմիածնի Մայր Աթոռի փաստաբաններից մեկը Ռուբեն Հասան-Ջալալյանն էր։ «Ներկա տեղակալը» Մակար կաթողիկոսի մահից հետո տեղապահ (տեղակալ) Երեմիա արքեպիսկոպոս Գալստյանն էր։

5 Հավանաբար, ակնարկում է իր կողմնորոշումը Խրիմյան Հայրիկին կաթողիկոսական թեկնածու առաջադրելու ժամանակ։

6 Հիշատակված Ակոփ աղան նույն Հաջի Հակոբ Աբրահամյանն է, «խազեինը»՝ Մակար կաթողիկոսը (տե՛ս № 2 ծանոթագրությունը)։

7 Խոսքը վերաբերում է ֆրանսիացի հեղինակներ Էժեն Սյուի և Պրիգարի մելոդրամային, որը բեմադրել է հայ դերասանական մշտական խումբը 1891 թ. հոկտեմբերի 17-ին Թիֆլիսի վրաց ազնվականների բանկի թատրոնում (ՄՇ, 1891, № 118)։

8 «Փարիզի աղքատներ» մելոդրամայի մասին բացասական վերաբերմունք արտահայտել է «Մշակը», համարելով «անցյալից մնացած ժառանգություն», որտեղ «կոլեյդոսկոպի պես անցնում են հանդիսատեսի աչքի առաջ ցնցոտիներ հագած աղքատներ, գրպանում մի գրոշ չունեցող կոմսեր, արհեստավորներ, աղքատացած կանայք և տղամարդիկ, գողությամբ հարստացած անձնավորություններ, որոնց գործողությունների մեջ ոչինչ ներքին կապ չկա, այլ հեղինակը մի կերպ կապել, կարկատել, արհեստական կերպով միացրել է այդ բոլորին» (ՄՇ, 1891, № 118)։

9 Նկատի ունի Գր. Արծրունու ֆելիետոնը Ասիացի ստորագրությամբ (ՄՇ, 1891, № 90)։ Հեղինակը ծաղրել էր «Մուրճում» տպագրված Թումանյանի «Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում…» բանաստեղծությունը։ Ճիշտ է, Թումանյանի այդ ոտանավորը իսկապես թույլ էր,