Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/511

Այս էջը հաստատված է

բայց Արծրունու ծաղրը ուղղված էր ո՛չ այնքան նոր գրական ասպարեզ մտնող բանաստեղծին, որքան «Մուրճի» խմբագրին՝ Արասխանյանին և նրա «բանաստեղծական նոր դպրոցի արտադրություններին…» (նկատի ունի հատկապես Լևոն Մանվելյանին, Ալ. Ծատուրյանին)։ Արծրունու այդ քննադատությունը գրված է ի պատասխան «Մշակի» մասին Արասխանյանի հայտնած աննպաստ կարծիքի (ՄՃ, 1889, № 1, էջ 11-13)։

10 Ըստ Աստվածաշնչի ավանդության, Սինան այն լեռն է (Արաբիա), որտեղից իջել է Մովսես մարգարեն և ժողովրդին թելադրել իր պատգամները (Ելք, գլուխ ԺԲ, Ի)։

11 նկատի ունի «մշակականներին», որոնք այդ ժամանակ մեծամասնություն էին կազմում Թիֆլիսում, ընդգրկելով հատկապես առաջադիմական երիտասարդությանը։ 1890—1891 թթ. Թումանյանը «մշակական» էր յուրովի, առանց գերի դառնալու Արծրունու գաղափարներին, դա շատ պարզ երևում է նամակի շարունակության մեջ գրված այն խոսքերից, ըստ որի նա ոչ մի թերթի կույր զինվոր լինել չի կարող։

90-ական թթ. սկզբին «մշակական» երիտասարդությանը հակադրվում էր «նորդարական» հոսանքը, որն իրեն առաջնորդ ունենալով «Նոր դար» օրաթերթը, շարունակում էր «մեղվական» («Մեղու Հայաստանի» օրաթերթի կողմնակիցների) պահպանողական հոսանքի գաղափարաբանությունը։

«Մշակական», «մեղվական» անվանումները սկսվել են 1884 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, երբ հիշյալ կողմնակցություններն առաջին անգամ հանդես եկան իրենց թեկնածություններով. «մշակականներն» առաջադրել էին Ներսես արքեպիսկոպոս Վարժապետյանին, իսկ «մեղվականները»՝ Մակար արքեպիսկոպոս Թեղուտցուն, որը և դառնում է կաթողիկոս, բայց «Մշակի» և Արծրունու պայքարը նրա և «նորդարականների» դեմ շարունակվում է մինչև կաթողիկոսի մահը (1891)։ Երկրորդ անգամ այդ պայքարը սրվում է Մակար կաթողիկոսի մահից հետո, երբ Արծրունին, լարելով բոլոր ուժերը, ապահովում է «մշակականների» հաղթանակը՝ Խրիմյան Հայրիկը դառնում է կաթողիկոս։

12 Արծրունու դեմ պատասխան հոդված Թումանյանը չի գրել, ժամանակին ենթադրվել է, թե Արծրունուն է ուղղված բանաստեղծի «Երգչի վրեժը», այնինչ, ինչպես իրավացիորեն փաստարկում է և Ա. Ինճիկյանը, հիշյալ բանաստեղծությունը ավելի վաղ է գրված (1891, փետրվարի 22), քան Արծրունու ֆելիետոնը (մանրամասնությունները՝ Ա. Ինճիկյան, 269)։ Չի բացավում, անշուշտ, որ այդ բանաստեղծությունը գրելու առիթը Խաչ. Մալումյանի հոդվածը լինելով հանդերձ, կարող էր առնչվել նաև Արծրունու ֆելիետոնին (վերջինը տպագրվել է օգոստոսի 22-ին, «Երգչի վրեժը»՝ «Մուրճում» հոկտեմբերին)։

Ինչ վերաբերում է հիշատակված Հարոյին, նա «Մշակի»՝ Փարիզի թղթակիցն էր, որ գրում էր ոչ միայն ֆրանսիական կյանքից, այլև հայ