Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/517

Այս էջը հաստատված է

վերաբերող հուշերի ֆոնդ, Ան. Աբովյան, Լևոնի հեքիաթը, հատոր II, 1920, էջ 127)։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Խոսքը վերաբերում է Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի՝ Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդ լինելուն 1883-1889 թթ.։ Բացառիկ սիրված, Թիֆլիսում մեծ հեղինակություն վայելող հոգևորապան։

2 Նկատի ունի Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակը։

3 Բանաստեղծը 1890 թ. խոստովանել էր, որ առաջին ժողովածուն դեռ չտպագրված արդեն տարածվել էին որոշ բանաստեղծություններ։ Հատկապես սիրային ոտանավորների՝ խոլերայի արագությամբ տարածվելու այս կատակ-խոսակցությունը հետաքրքիր փաստ է Թումանյանի գիտական կենսագրության համար։ Անշուշտ, այստեղ խոսքը վերաբերում է բանաստեղծությունների առաջին գրքույկում (1890) և «Մուրճ», «Տարազ» պարբերականներում տպագրված ստեղծագործություններին (1891-1892), որովհետև երկրորդ գրքույկը 1892 թ. ամռանը՝ այս նամակը գրեթե օրերին, տպագրության ընթացքի մեջ էր։ Նկատի են առնվում «Ներիր ով կույս, որ հուզեցի…», «Եթե իմ վերջին հայացքը մնա…»,«N-ին» (ապա՝ «Մի՛ որոնիր»), «Գիշերային առաջին աստղի դիմաց», «Նրան», «Ա՜խ, ես երանի…», «Երգչի վրեժը» բանաստեղծությունները՝ գրված 1889-1891 թթ.։ Ժամանակին այդպիսի լավ ընդունելություն գտած բանաստեղծությունների մեծ մասի նկատմամբ քննադատական վերաբերմունք ցուցաբերելով, Թումանյանը դրանք չի դրել հետագա ժողովածուների մեջ, ուստի և այդ գրվածքները հեղինակի կենդանության օրոք ունեցել են միայն մեկ հրատարակություն։

4 Խոսքը վերաբերում է «Հայ գրագետներին օգնելու ընկերության» ստեղծման նախապատրաստական ժողովին, որը կազմակերպել էր Ավ. Արասխանյանը, նախապես խորհրդակցելով Սմբատ Շահազիզի հետ, քանի որ վերջինս ֆոնդի տրամադրության տակ էր դնելու իր գրական և մանկավարժական գործունեության 30-ամյա հոբելյանի ժամանակ կուտակված գումարը։ Արասխանյանը ժողովականներին ծանոթացնում է ռուս գրողներին օգնող ընկերության՝ 1859 թ. կանոնադրության գլխավոր հոդվածների հետ, ապա ընտրվում է մասնաժողով, որը պետք է մշակեր գրողներին օգնող ընկերության կանոնադրությունը։ Ընտրվում են Արասխանյանը, Լևոն Սարգսյանը, Փիլ. Վարդանյանը, Ալ. Քալանթարը, Արշակ Բարխուդարյանը (ՄՃ, 1892, № 4, էջ 657, № 5, էջ 844)։ Երկրորդ ժողովը տեղի է ունեցել 1894 թ. հոկտեմբերի 2-ին, երբ առաջին ժողովի քարտուղար Հովհ. Թումանյանը կարդում է 1892 թ. հունիսի 7-ի գրած արձանագրությունը և դրանով ավարտում իր դերը նախապատրաստական երկու ժողովներում։ Երկրորդ ժողովում քարտուղար է ընտրվում