Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/541

Այս էջը հաստատված է

Թիֆլիսի Բարոնսկայա և Բազարնայա փողոցների անկյունում գտնվելու փաստը։

Նույն մեզ անհայտ նամակում, ինչպես երևում է Աբովյանի մարտի 31-ի նամակից, Թումանյանը գրել էր նաև իր ծանր վիճակի, «անքուն գիշերների» մասին և լուրեր հաղորդել Էջմիածնում տիրող դրութան, նոր կաթողիկոսից ունեցած իր հիասթափության վերաբերյալ, այնպես, ինչպես արտահայտվել էր Ղլտճյանին ուղղված փետրվարի 18-ի նամակում։

2 Տե՛ս նախորդ նամակի № 3 ծանոթագրությունը։

3 «Կենդանի թաղվածը» «Դեպի Անհունը» պոեմի նախնական տարբերակներից մեկի վերնագիրն է։ Ունեցել է նաև այլ վերնագրեր՝ «Սրահար», «Ճերմակ աղավնի», «Խավարի մեջ», «Դեպի մութը»։ Վերնագրերը փոխվել են ըստ պոեմի նյութի և կառուցվածքի փոփոխության (ԱՀ 3, 524-528)։ Աբովյանն այն սխալ տպավորությունն էր ստացել, թե հեղինակը այդ պոեմի նյութը վերցրել է իր կյանքից, «…աղբաթդ խեր, մի՞թե այդ է բանաստեղծի կոչումը,-գրում է Աբովյանը Թումանյանին։-Ինչո՞ւ ես կյանքի հոսանքի առջև ընկճվում և ուզում գրվածքներովդ էլ հուսահատություն ներշնչել ընթերցողներիդ մեջ. կյանք տուր գրվածքներովդ և եռանդ ներշնչիր ընթերցողներիդ մեջ. նույնիսկ սեփական կյանքովդ օրինակ հանդիսացիր» (ԳԱԹ, Թֆ, № 457)։ Թումանյանի՝ «դու զուր ես կարծել, թե իմ կյանքիցն է…» խոսքերը պատասխան են Ան. Աբովյանի այդ հանդիմանության։

64. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ալավերդի-Թիֆլիս

(էջ 136)

Հուլիսի 20

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 2։ Նամակը ստորագրել է նաև Անդրեաս Բարխուդարյանը։

Տպագրվել է ԵԺ V, 94-95։

1. Անդրեաս Բարխուդարյանից և Սարգիս Սահակյանից բացի այդ ճանապարհորդությանը մասնակցել է նաև Հովհ. Խիզանյանը (տե՛ս վերջինիս հուշերը, ԹԺՀ, 377-378)։ Նույն ճանապարհորդության մասին տեղեկություններ կան նաև Արշակ Բարխուդարյանի հուշերում (ԹԺՀ, 366)։ Օլգա Թումանյանն իր հուշերում պատմում է ընտանիքով 1894 թ. ամռանը Բարխուդարյանների ու Հակոբյանների ընտանիքների հետ սայլակով դեպի Դսեղ կատարած մի ճամփորդության մասին։ Ակնհայտ է, որ այստեղ շփոթված է տարեթիվը, որը, հավանաբար, պետք է լինի՝ 1895 թ., երբ ամռանը Թումանյանը ընտանիքով իսկապես եղել է Դսեղում (տե՛ս 1895 թ. Թումանյանի՝ Դսեղից գրած նամակները)։ Հենվելով Օլգա Թումանյանի հիշողությամբ գրված թվականի վրա, սխալ է թույլ