Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/57

Այս էջը հաստատված է

Ինչ ասել կուզի, որ գիրքն ստացած կլինես։ Դե արի ես մի դրա կարճ պատմությունն անեմ։ Իմ պատմությունս մանրամասն չի լինիլ կամ ավելի ճիշտն ասած՝ մի քանի տեղեկություններ կլինին։ Սկսում եմ. ամա չէ՛, կաց մի բան ասեմ։ Հմի կզարմանաս, կասես, էս ախմախը (ավել բան չասես) ընչի էս տեղեկություններն իրեն ժամանակին չէր գրում. դրո՞ւստ եմ ասում, թե չէ։ Թե խելքդ աստված կտրում ա, էսենց կասես, շատ լավ, շատ գեղեցիկ, շատ բարի։ Ականջդ դեսն արա, ասեմ։ Դու գիտես էլի, էլ ինչ ասեմ. էն ա, որ էս անդերի տպագրության համար հալալ թուրքացա. գլխին ընկա՞ր, թե ինչ եմ ասում. այսինքն, քեզ ո՞նց հասկացնեմ—ինչպես հուսում առածնին ասում են «ֆինանսա…», յա թե չէ, ձախ ձեռքիդ բիթն ու ցուցամատը իրար քսիր միևնույն ժամանակ աջ ձեռքդ բացասական եղանակով շարժելով։ Ա՛յ, հմի ասեմ, թե ինչու հավուր պատշաճի քեզ չէի գրում իմ գլխիս եկածները գրքի տպագրության ժամանակ։ Ես այսպես էի մտածում, ասում էի, եթե գրեմ, թե Անուշավան, բանն ըսենց ա (իհարկե իբրև լոկ տեղեկություն), վայ թե յա միտք անի՝ թե չըլի թե աջակցություն եմ ուզում (որը ես չէի ուզիլ երբեք, նկատի առնելով քո դրությունը), յա թե չէ, ինքն իրան իրան վեր կալավ ու մի քանի շահի զարկեց, ի՞նչ անեմ, լավն էն ա ըսկի տպագրության պատմությունից չանեմ մինչև կվերջանա։ Այդպես էլ արի, բայց պետք է հիշած, որ մի քանի ընկերներ, որոնք այստեղ ականատես էին իմ տագնապին, այն ժամանակ, չեղած տեղից ստեղծեցին մի գումար, հասցրին ինձ, որ փոխարինաբար այժմ՝ գրքի տպագրությունից հետո ստանում են ինձանից։ Հա՛, բաժանորդաթերթերով էլ մինչև տպագրության օրերը մոտ 40 ռուբլի հասավ ինձ, բայց այն 40 ռուբլին էլ, որը հենց այն տղերքը, որոնց ձեռքին թերթ կար, ինձ հրավիրեցին և զանազան այգիներում կամ ռեստորաններում կերանք (բաժանորդագինը), խմեցինք գրքի տպագրության կենացը, որն էլ, չգիտեմ ինչպես, մսխվեց։ Մի քանիսն էլ դեռ չեմ ստացել։ Տեսա որ բանը լավ չի