Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/61

Այս էջը հաստատված է

Միակ և միակ աննպաստ կարծիք, եթե միայն կարելի է աննպաստ կարծիք ասել, այն էր, որ Մալումյանը «Մշակում» յուր ակնարկների մեջ խոսալով բանաստեղծների մասին, հիշել էր այսպես. «Մոսկվայից ենք գիրք ստանում, դարձյալ բանաստեղծություններ—Թումանյանի, Թորոսյանի, Հովհաննիսյանի, Մարկոսյանի»1։ Այս բանը մինչև անգամ զայրացրել էր, ում ասեմ, մի խոսքով ում պատահեցի զայրացած էին, մինչև անգամ մի քանիսը, Բեկնազարյանը, Պերճը, և այլն կանչեցին և մխիթարեցին, ծիծաղելի բան. առաջինը ոչինչ չկար, երկրորդը՝ ես բոլորովին բանի տեղ չէի դնում, ինչպես և «Նոր դարի» չափից դուրս գովեստը2։ Մինչև անգամ հետո բժիշկ Տեր-Գրիգորյանն ասաց, որ Մալումյանն այդ հողվածը գրելիս իմ գիրքս չէր կարդացել։ Մի նորավարտ ուսանող գնացել էր Մալումյանին այսպես ասել—պարոն, դու այդ գիրքը կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Ես նրա մասին ոչինչ չեմ ասել,—հայտնում է Մալումյանը,— նա միանգամայն արժանի է ինքնուրույն կրիտիկայի»։ «Նոր դարի» կրիտիկան կարդացած կլինես, «Մուրճինը» հունվարին կլինի3, «Աղբյուրումն» էլ կլինի։ Հայտնի հայկաբան և անհայտ բանաստեղծ Ա. Եզեկյանը Բեկնազարյանի մոտ մեծ գովեստով էր խոսացել գրքի մասին, ասելով, որ 5 անգամ կարդացել է և մտադիր է բան գրելու4։ Ես կրկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք՝ շփոթված եմ։