Վարդազարյանն այն կարծիքին էր, որ հեղինակը սեփական ստեղծագործության ընտրության գործում կարող է դժվարահաճ լինել, ուստի ընտրությունը պետք է թողնի մտերիմներին։
191. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 327)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10(թ)։
Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Թումանյանի՝ Աբասթումանում գտնվելու փաստով։
Տպագրվել է ԵժV, 224-226։
1 Նկատի ունի Վարդազարյանի՝ հոկտ. 5-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 1022)։
2 Խոսքը վերաբերում է Վարդազարյանի՝ սեպտ. 28-ի նամակին (ԳԱԹ, Թֆ, № 1021) և իր հոկտ. 2-ի պատասխանին։
3 Դամոն անունը հանդիպում է «Համլետի»՝ Հովհ. Մասեհյանի թարգմանության մասին Թումանյանի հրապարակած գրախոսականում։ Բանաստեղծը, որ այնքան բարձր էր գնահատել թարգմանությունը, նկատել էր երկու թերություն` առաջաբանի բացակայությունը և «մութ ու դժվար հասկանալի տողերի մեկնությունները…». «Այո՛,-գրել է Թումանյանը,-կան Պ. Մասեհյանի գրքի էջերում ծանոթագրություններ, բայց քիչ են դրանք և մի քանիսն էլ բնադրի չափ մութը»։ Բերված օրինակներից մեկը վերաբերում է։
Քանզի գիտե՞ս, սիրելի Դամոն,
Գահից ընկավ Դիոսը.
խոսքերին, որին թարգմանիչ Մասեհյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Համլետը Հորացիոյին այդ անունով է կոչում՝ ակնարկելով հանրածանոթ բարեկամությունը Դամոնի և Պյութիասի մեջ»։ Ծանոթագրությունը չի բավարարել հոդվածագրին. «…Ովքե՞ր էին Դամոն և Պյութիաս, ի՞նչ տեսակ էր նրանց «հանրածանոթ բարեկամությունը», որ Համլետը նմանեցնում է իրան և Հորացիոյի հարաբերությանը, կամ թե՝ ի՞նչ է այդ սովորական առածի միտքը» (ՍՀ6, 56 — 57)։
«Իմ սիրելի Դամոն» խոսքերը առաջին հրատարակության մեջ (ԵԺ V, 225) ծանոթագրված է «Համլետի» թարգմանչի վերոհիշյալ խոսքերով, քանի որ, ինչպես ասվեց, այդ չի բավարարել բանաստեղծին, այստեղ բերվում է ամբողջ ավանդությունը։